ԵԱՀԿ Մինսկի խումբը միջազգային միակ գործընթացն է, որը կարող է լուծել ղարաբաղյան հակամարտությունը կամ գոնե այն բերել խաղաղ կարգավորման դաշտ։ Այս մասին նոյեմբերի 14-ին հայտարարել է ԵԽ գլխավոր քարտուղար Թյորբորն Յագլանդը АПА-ին տված հացազրույցում։
«Շատ կարեւոր է ԼՂ հակամարտության կողմերի անդամակցությունը Եվրախորհրդին, որովհետեւ դրանից կողմերը լրացուցիչ հիմքեր կստանան խնդրի լուծման համար»,- հայտարարել է Յագլանդը՝ հստակեցնելով, որ դա կօգնի կողմերին «արագ եւ հեշտ ճանապարհներ գտնել խնդրի լուծման համար»:
Գլխավոր քարտուղարը ընդգծել է, որ ծայրահեղ կարեւոր է համարում Մինսկի խմբի դերակատարությունը. «Մինսկի գործընթացը շատ կարեւոր է։ Այսպես են լուծվում խնդիրները, եւ այս կերպ է կառուցվում Եվրոպան»:
Յագլանդը խոսել է նաեւ հայ-թուրքական մերձեցման եւ տարածաշրջանային երկու խնդիրների փոխազդեցության մասին, նշելով, թե ավելի հակված է այն մտքին, որ երկու երկրների միջեւ հարաբերությունների կարգավորումն «ընդունակ է դրականորեն ազդել տարածաշրջանում առկա խնդիրների լուծման վրա»:
«Երկու երկրների միջեւ եղած հակասություններն անհնարին են դարձնում անգամ փոքր առաջընթացը խնդիրների լուծման գործընթացում, այսինքն՝ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ մերձեցումն այդ երկրների մոտ միացյալ նորմերի եւ արժեքների առկայության հետեւանք է, քանի որ նրանք երկուսն էլ ԵԽ անդամներ են»,- նշել է Յագլանդը՝ ավելացնելով, որ նման պայմաններում լիովին հնարավոր է խնդիրների լուծման ճանապահներ գտնել։ Ավելին, նրա խոսքով, սա հիշեցնում է Երկրորդ համաշխարհայինից հետո Եվրոպայում ստեղծված վիճակը։




























