Երեւանի թիվ 10 ընտրատարածքում որպես պատգամավորի թեկնածու առաջադրված դերասան Վլադիմիր Կոստանյանը մյուս թեկնածուներին առաջարկել է միասնաբար հանել թեկնածությունները եւ ինքնաբացարակ հայտարարել, «որպեսզի հավելյալ հնարավորություն ստեղծվի Նիկոլ Փաշինյանի՝ 10-րդ ընտրատարածքում լրացուցիչ ընտրություններին մասնակցելու համար, որպեսզի որեւէ մեկը չասի, թե մենք ընտրություններին մեր մասնակցությամբ մասնակցում ենք Նիկոլի դեմ իրականացվող քաղաքական հաշվեհարդարին»:
«Եթե մենք ճշմարտություն ենք ասել, չենք խաբել ժողովրդին, չենք փորձել ընդդիմության հաշվին դիվիդենտներ շահել, եթե իրականում մտահոգված ենք Հայաստանում ընդդիմության առաջխաղացման հնարավորությամբ, եթե իսկապես ողջունում ենք Նիկոլի առաջադրումը եւ կարեւորում նրա մասնակցությունն ընտրապայքարին, պիտի միասնաբար ինքնաբացարկ հայտարարենք: Սրանով մենք նաեւ ցույց կտանք, որ մեզանից որեւէ մեկն „իշխանական պրոեկտ“ չի, կեղծ ձեւով չի ներկայանում ժողովրդին»,- ասված է թեկնածուի հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ Կոստանյանը տակավին մի քանի օր առաջ հայտարարել էր, թե աջակցում է Սերժ Սարգսյանին:
Նշենք, որ թիվ 10 ընտրատարածքում պատգամավորի մանդատը թափուր էր մնացել Խաչատուր Սուքիասյանի հրաժարականից հետո: Որպես թեկնածու այդ ընտրատարածքում առաջադրվել են քաղաքագետ Հմայակ Հովհաննիսյանը, գլխավոր մարքսիստ Դավիթ Հակոբյանը, Արա Սիմոնյանը՝ Ազգային Միաբանությունից, Վլադիմիր Կոստանյանը, կապի եւ տրանսպորտի նախկին նախարար Էդուարդ Մադաթյանը: «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանին ոստիկանությունը հրաժարվել էր մշտական բնակության տեղեկանք տրամադրել:



















