Եթե ​​Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանն իրոք արգելափակի Ռուսաստանի դեմ եվրոպական պատժամիջոցները պատերազմի կրիտիկական պահին, ապա միանգամայն պարզ կլինի, որ նա խաղում է Պուտինի, ոչ թե Եվրոպայի կողմից, շաբաթ օրը հայտարարել է Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը՝ մեկնաբանելով Հունգարիայի վարչապետի վերջին խոսքերը, հայտնում է լեհական PAP լրատվամիջոցը։

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանն ուրբաթ օրը Radio Kossuth-ին տված հարցազրույցում ասել է, որ Հունգարիան չի աջակցի Ռուսաստանի դեմ պատժամիջոցների երկարաձգմանը, քանի դեռ Ուկրաինան չի վերսկսի ռուսական գազի տարանցումը Եվրոպա։

Նրա խոսքով՝ «անընդունելի է, որ մենք կրում ենք պատժամիջոցների տնտեսական հետևանքները՝ հանուն Ուկրաինային օգնելու»։

«Եթե Վիկտոր Օրբանը պատերազմի կրիտիկական պահին իսկապես արգելափակի եվրոպական պատժամիջոցները, դա կնշանակի, որ նա խաղում է Պուտինի հետ նույն թիմում։ Եվ դա կբերի բոլոր համապատասխան հետևանքներին», - այս հայտարարությունը Դոնալդ Տուսկը մեկնաբանել է X սոցիալական ցանցում։

Օրբանի խոսքով՝ Ուկրաինայի կողմից ռուսական գազի տարանցման դադարեցումը հանգեցրել է ԵՄ-ում էներգակիրների գների բարձրացմանը, իսկ ԵՄ պատժամիջոցների պատճառով Հունգարիան վերջին երեք տարվա ընթացքում կորցրել է 19 միլիարդ եվրո։

Վիկտոր Օրբանը նաև կոչ է արել Կիևին վերականգնել գազի տարանցումը և երաշխիքներ տրամադրել, որ նավթի մատակարարումները Եվրոպա չեն արգելափակվի։

Ավելի վաղ, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ եթե Ուկրաինայում պատերազմին վերջ տալու արագ համաձայնություն չլինի, Վաշինգտոնը բարձր հարկեր, տուրքեր և պատժամիջոցներ կսահմանի Ռուսաստանի դեմ։