Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հունվարի 27-ին կրկին ցուցմունք է տվել 4000-ի գործով (Բեզեք-Վալլա գործ), որում նա մեղադրյալ է։ Սա վարչապետի յոթերորդ ելույթն էր երեք քրեական գործերով դատավարությանը։ Այս մասին հայտնում է Вести Израиля-ն։

Հիշեցնենք, որ Նեթանյահուի գործերը քննում է Երուսաղեմի շրջանային դատարանը, սակայն անվտանգության նկատառումներից ելնելով վարչապետը ցուցմունք է տալիս Թել Ավիվի շրջանային դատարանի շենքի ապահով սենյակում։

Նեթանյահուն հերքել է այն լուրերը, թե ինքը տառապում է անբուժելի հիվանդությամբ։ Մեկնաբանելով լրատվամիջոցների տարածված այս լուրերը՝ նա հիշեցրել է, որ առաջին անգամը չէ, որ իր առողջության մասին կեղծ տեղեկություններ են տարածվում։ Որպես օրինակ նա մեջբերել է մի քանի տարի առաջ հրապարակված Walla կայքի նյութերը։ «Ոչ մի նոր բան։ Եթե հավատաք խոսակցություններին, ես գրեթե ամեն օր հոսպիտալացվում եմ։ Ասում են՝ տառապում եմ շագանակագեղձի քաղցկեղով, ենթաստամոքսային գեղձի քաղցկեղով, որ հիվանդությունս անբուժելի է։ Այս ամենը լրիվ սուտ է։ Ես չեմ մեռնում անբուժելի հիվանդությունից»․- ասել է վարչապետը։