Բաց աղբյուրներից ստացված տեղեկատվության համաձայն՝ Իսրայելը սկսել է Ուկրաինային մատակարարել ռուսական զենք, որը գրավել է Մերձավոր Արևելքում ռազմական գործողությունների ժամանակ։ Այս մասին հայտնում է OSINTdefender նախագիծը, որը վերլուծում է ռազմական հակամարտությունները Եվրոպայում և աշխարհի այլ տարածաշրջաններում։

Կազմակերպության տվյալներով՝ այս շաբաթ ԱՄՆ ռազմաօդային ուժերի Boeing C-17 ռազմատրանսպորտային մի քանի ինքնաթիռներ Գերմանիայի Ռամշտայն ավիաբազայից մեկնել են Իսրայելի հարավում գտնվող Հացերիմ ավիաբազա, որից հետո ուղղվել են Լեհաստանի հարավ-արևելքում գտնվող Ժեշով քաղաք․ հայտնում է DW-ն։ Քաղաքը հանդիսանում է ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի երկրների կողմից Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնության հիմնական լոգիստիկ հանգույցը:

Հնարավոր առաքումները ներառում են տանկեր, հակատանկային կառավարվող հրթիռներ և զինամթերք: Սա ի լրումն մի քանի Patriot հակաօդային պաշտպանության հրթիռային մարտկոցների, որոնք Իսրայելի ռազմաօդային ուժերը պատրաստվում էին շահագործումից հանել, և որոնց՝ Ուկրաինային փոխանցելու հարցը նույնպես քննարկվում էր, նշում է OSINTdefender-ը։