Դալասի բասկետբոլիստ Դիրկ Նովիցկին ճանաչվել է տարվա լավագույն մարզիկ Գերմանիայում: Լավագույն մարզուհի է ճանաչվել բիաթլոնի աշխարհի 10-ակի չեմպիոն Մագդալենա Նոյները:

Դիրկ Նովիցկու գլխավորությամբ Դալաս Մավերիքսն առաջին անգամ նվաճեց Բասկետբոլի ազգային ասոցիացիայի չեմպիոնի տիտղոսը: Քվեարկության արդյունքում` Նովիցկին հավաքել է 3668 միավոր եւ առաջ է անցել Ֆորմուլա-1-ի ամենաերիտասարդ կրկնակի չեմպիոն Սեբաստիան Ֆետելից (3503) եւ սեղանի թենիսի Գերմանիայի հավաքականի անդամ Տիմո Բոլից (1563).

Լավագույն մարզուհու քվեարկությունում Նոյներն առաջ է անցել աշխարհի 10-րդ ռակետ Անդրեա Պետկովիչից եւ լեռնադահուկորդուհի Մարիա Հեֆլ-Ռիշից:

Գերմանիայի լավագույն թիմ է ճանաչվել Բունդեսլիգայի չեմպիոն Դորտմունդի Բորուսիան, որը հետ է թողել Եվրո-2012-ի ընտրական մրցաշարում 10 հաղթանակ տարած Գերմանիայի ազգային հավաքականին: Երրորդ տեղում ակադեմիական թիավարության (ութ տեղանի) Գերմանիայի թիմն է, որը երրորդ անգամ անընդմեջ նվաճեց աշխարհի չեմպիոնի տիտղոսը: