Թուրքիայի կառավարությունը հուսով է Սաուդյան Արաբիայի հետ 6 մլրդ դոլար արժողությամբ պաշտպանական գործարք կնքել, որը թագավորությանը թույլ կտա ռազմանավեր, տանկեր եւ հրթիռներ գնել, գրել է Bloomberg-ը՝ հղում կատարելով թուրքական աղբյուրներին։
Համաձայնագիրը, որը ներառում է Սաուդյան Արաբիայի ընդգրկումը Թուրքիայի ռեակտիվ ինքնաթիռաշինության նախագծին, կարող է վերջնականորեն ձեւակերպվել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ մարտին թագավորություն կատարելիք այցի ընթացքում, տեղեկացրել են պաշտոնատար անձինք։
Երկուշաբթի Ստամբուլի աճուրդներում պետական պաշտպանական կապալառու Aselsan-ի բաժնեթղթերը թանկացել են 2,2 տոկոսով այն բանից հետո, երբ Bloomberg-ը հայտնել է հնարավոր գործարքի մասին: Զրահամեքենաներ արտադրող Otokar Otomotiv-ը կրճատել է նախկին կորուստները 0,8 տոկոսով:
Թուրքիան փորձում է զարգացնել պաշտպանական արդյունաբերությունը եւ Սաուդյան Արաբիան՝ աշխարհի խոշորագույն զենք ներկրողներից մեկը, համարում է առանցքային շուկա։ 2023թ. երկու երկրները համաձայնագիր են ստորագրել սաուդցիների համար՝ թուրքական Baykar ընկերությունից անօդաչու թռչող սարքեր գնելու վերաբերյալ։
Պաշտոնատար անձանց խոսքով՝ Անկարան այժմ ցանկանում է Սաուդյան Արաբիային վաճառել իր հիմնական Altay տանկը հակահրթիռային պաշտպանության համակարգերի հետ միասին: Թուրքիան շահագրգռված է, որ Սաուդյան Արաբիան դառնա Kaan կործանիչների ծրագրի գործընկեր։ Թեեւ առաջին փորձնական թռիչքը տեղի է ունեցել 2024թ. սկզբին, սակայն սպասվում է, որ մինչեւ կործանիչի շահագործման սկիզբը դեռ մի քանի տարի կա:
Թուրք պաշտոնյաների խոսքով՝ այլ երկրներ կարող են այս կամ այն ձեւով միանալ նախագծին, որին մասնակցում է բրիտանական BAE Systems Plc-ն:
Էր Ռիադի եւ Անկարայի միջեւ հարաբերությունները բարելավվել են վերջին տարիներին Սաուդյան Արաբիայի գործակալների կողմից 2018թ. Ստամբուլում Washington Post-ի մեկնաբան Ջամալ Խաշագջիի դաժան սպանության պատճառով առաջացած լարվածությունից հետո:





























