Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 13-ին ընդունել է Արցախի պետական համալսարանի 40-ամյակի տոնակատարությունների շրջանակում Ստեփանակերտ ժամանած մի խումբ գիտնականների եւ ակադեմիկոսների:

ԼՂՀ Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից NEWS.am-ին հայտնում են, որ ԼՂՀ ղեկավարը երախտագիտություն է հայտնել նրանց հրավերն ընդունելու համար եւ նշել, որ այդ հրավերի նպատակը Հայաստանի գիտակրթական հաստատությունների հետ համագործակցության նոր ծրագրի մշակումն է: Այդ համագործակցության շրջանակներում նախատեսվում է Հայաստանի գիտական ներուժի ներգրավմամբ հանրապետության կենսագործունեության տարբեր ոլորտներում առկա խնդիրների հետազոտումն ու դրանց լուծման ուղիների մշակումը:

Հանդիպման մասնակիցները պատրաստակամություն են հայտնել ըստ ամենայնի աջակցություն ցուցաբերել ԼՂՀ հետագա զարգացմանը:

Հանդիպմանը մասնակցել են ԼՂՀ կրթության եւ գիտության նախարար Վլադիկ Խաչատրյանը, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը, Արցախի պետական համալսարանի եւ Հայաստանի մի շարք բուհերի ռեկտորներ, ակադեմիկոսներ: