Այսօր, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ, տեղի է ունեցել «Հազարամյակի մարտահրավեր» հիմնադրամ-Հայաստան" ՊՈԱԿ-ի կառավարման խորհրդի հերթական նիստը, որը քննարկել է գյուղական ճանապարհների վերականգնում (ԳՃՎ) ենթածրագրի դադարեցման վերաբերյալ «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիայի (ՀՄԿ) նամակից բխող ՀՄՀ-Հայաստան ՊՈԱԿ-ի հետագա քայլերի մասին հարցը:
«ՀՄՀ-Հայաստան» ՊՈԱԿ-ի գլխավոր գործադիր տնօրեն Արա Հովսեփյանը նշել է, որ ԳՃՎ ենթածրագրի դադարեցման մասին ծանուցումը ենթադրում է աշխատանքներում ընդգրկված խորհրդատուների եւ կապալառուների իրազեկում եւ պայմանագրերի դադարեցում, ՊՈԱԿ-ի կառուցվածքի փոփոխություն, առկա միջոցների եւ պարտավորությունների հանձնում համապատասխան լիազոր մարմնին: Կառավարման խորհուրդը հավանություն է տվել պայմանագրերի դադարեցմանը: Վարչապետը նշել է, որ պայմանագրերով անավարտ մնացած շինարարական աշխատանքները կբերվեն տրամաբանական ավարտի ՀՀ կառավարության կողմից համապատասխան այլ ֆինանսական աղբյուրներ հայթայթելուց հետո:
Խորհուրդը քննարկել եւ հաստատել է «ՀՄՀ-Հայաստան» ծրագրի Ոռոգվող գյուղատնտեսության ենթածրագրի շրջանակում Այգեզարդի, Շենիկի եւ Մանթաշի ինքնահոս համակարգերի վերաբնակեցման գործողությունների պլանները եւ դրանց իրականացման քայլերը, որոնք ներառում են օտարվող սեփականության սեփականատերերի ու օտարվող սեփականության նկատմամբ գույքային իրավունքներ ունեցողների պատշաճ տեղեկացում եւ համապատասխան փոխհատուցման վճարում, սեփականության օտարման պայմանագրի նախագծի տրամադրում, պայմանագրերի կնքում եւ այլն: Նախատեսված գործողությունների իրականացումը հնարավորություն կտա ժամանակին ավարտել Այգեզարդի, Շենիկի եւ Մանթաշի ինքնահոս համակարգերի կառուցումը:
Կառավարման խորհուրդը քննարկել է նաեւ ասֆալտբետոնային եւ ցեմենտբետոնային ճանապարհային ծածկերի կառուցման ծախսերի վերլուծական համեմատության վերաբերյալ տեղեկատվությունը, մասնագիտական այլ հաշվետվություններ եւ քննարկել ընթացիկ այլ հարցեր:



















