Վրաստանի խորհրդարանը 49 ընդդիմադիր պատգամավորի զրկել է պատգամավորական լիազորություններից։ Այժմ երկիրն ունի խորհրդարան՝ 150-ի փոխարեն 101 պատգամավորով, ինչպես նշված է Սահմանադրության մեջ, հայտնել է SOVA-ն։

Այսուհետ պատգամավորներ չեն Թինա Բոկուչավան, Էլենե Խոշտարիան, Նիկա Գվարամիան, Նիկա Մելիան, Գեորգի Վաշաձեն, Կախա Օկրիաշվիլին, Գիգի Ծերեթելին, Լեւան Խաբեիշվիլին, Մամուկա Խազարաձեն եւ ընդդիմության այլ ներկայացուցիչներ։ «Վրացական երազանքը» մնացել է խորհրդարանում իր արբանյակ կուսակցության՝ «Ժողովրդի ուժի» հետ, որը խոստացել է ընդդիմանալ օլիգարխի կուսակցությանը։

Հարցը, նախքան խորհրդարանի կողմից հաստատումը, ընդունվել է Ընթացակարգային հանձնաժողովի կողմից, որը վերանայել է «Միասնություն-Ազգային շարժում», «Հանուն փոփոխության» եւ «Հզոր Վրաստան» կոալիցիայի անդամների հայտարարությունները պատգամավորական մանդատի դադարեցման մասին եւ հաստատել նրանց ստորագրությունների իսկությունը։

Ավելացնենք, որ օրակարգում է «Միասնություն-Ազգային շարժում», «Հանուն փոփոխությունների կոալիցիայի» եւ «Ուժեղ Վրաստան»-ի անդամների լիազորությունները դադարեցնելու հարցը՝ ընդհանուր առմամբ 49 պատգամավոր։ Դեռեւս 2024թ. նոյեմբերին նրանք դիմել էին խորհրդարան՝ իրենց լիազորությունները դադարեցնելու խնդրանքով, սակայն «Վրացական երազանքը» դեռ չի քննարկել համապատասխան գրավոր հայտարարությունները։

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ամփոփիչ արձանագրության համաձայն՝ 2024թ. հոկտեմբերի 26-ի ընտրությունների արդյունքներով «Ուժեղ Վրաստանը» ստացել է 14 մանդատ, «Հանուն փոփոխությունների կոալիցիան»՝ 19, «Միասնություն-Ազգային շարժումը»՝ 16 մանդատ։

«Գախարիան հանուն Վրաստանի» կուսակցությունն ունի 12 տեղ խորհրդարանում։ Գեորգի Գախարիայի քաղաքական ասոցիացիան, ինչպես մյուս կուսակցությունները, հոկտեմբերի 26-ի ընտրությունները հայտարարել է ոչ լեգիտիմ եւ չի մասնակցում խորհրդարանի գործունեությանը, սակայն լիազորությունները դադարեցնելու մասին հայտարարություն չի գրել։

Հիշեցնենք, որ «Հանուն փոփոխության», «Հզոր Վրաստան» եւ «Միասնություն-Ազգային շարժում» կոալիցիաները դիմել էին ԿԸՀ՝ մանդատները հետ կանչելու պահանջով։ «Գախարիան Վրաստանի համար» կուսակցությունը, որը նույնպես լեգիտիմ չի ճանաչում 11-րդ գումարման խորհրդարանը, միայն հայտարարությունների մակարդակով ընդգծել է, որ մտադիր չէ աշխատել այս օրենսդիր մարմնում։