Եվրամիությունը քննադատում է Միջազգային քրեական դատարանի դեմ ԱՄՆ պատժամիջոցները։ Սահմանափակումները նախօրեին մտցրել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Այս մասին X-ում գրել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը։

«ՄՔԴ-ն ապահովում է պատասխանատվություն միջազգային հանցագործությունների համար և ձայն է տալիս զոհերին ամբողջ աշխարհում: Դատարանը պետք է ազատ լինի պայքարելու համաշխարհային անպատժելիության դեմ։ Եվրոպան միշտ հանդես կգա արդարության և միջազգային իրավունքի հարգման օգտին»,- նշել է նա։

Եվրահանձնաժողովի խոսնակը, որը մեջբերում է The Guardian-ն, ասել է, որ ԵՄ-ն ափսոսանք է հայտնում Միջազգային քրեական դատարանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու ԱՄՆ որոշման համար։

«Գործադիր հրամանը լուրջ մարտահրավեր է ՄՔԴ-ի աշխատանքին՝ վտանգելով ազդել ընթացիկ հետաքննությունների և դատավարությունների վրա, այդ թվում՝ Ուկրաինայում, և ազդել ամբողջ աշխարհում հաշվետվողականություն ապահովելու երկարատև ջանքերի վրա», - ասել է խոսնակը:

ԵՄ-ն հավելել է, որ կհետեւի Թրամփի հրամանի հետեւանքներին եւ կգնահատի հնարավոր հետագա քայլերը։