ԱՄՆ դաշնային դատարանը ուրբաթ օրը նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմին թույլ չի տվել վարչական արձակուրդ ուղարկելլ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) 2 200 աշխատակցի՝ կանգնելով այդ աշխատողներին ներկայացնող արհմիությունների կողմում, տեղեկացրել է CBS News-ը։
ԱՄՆ Կոլումբիայի օկրուգային դատարանի դատավոր Կառլ Նիքոլսը, որին Թրամփը նշանակել է պաշտոնի 2019թ., ուրբաթ ուշ երեկոյան հրապարակված սահմանափակ ժամանակավոր խափանման միջոցի մեջ նշել է, որ թույլ չի տա աշխատակիցներին վարչական արձակուրդ ուղարկել, որը պետք է ուժի մեջ մտնի տեղի ժամանակով կեսգիշերին:
Այս որոշմամբ նա նաեւ վերականգնել է USAID եւս 500 աշխատակցի, որոնք արդեն արձակուրդ էին ստացել, եւ կասեցրել է Սպիտակ տան հրամանները, որոնք պահանջում են արտերկրում գտնվող USAID աշխատակիցներին անհապաղ վերադառնալ Միացյալ Նահանգներ:
Նիքոլսը նշել է, որ ժամանակավոր արգելքը, որն արգելափակում է ինչպես վարչական արձակուրդը, այնպես էլ արագացված տարհանումը, ուժի մեջ կմնա մինչեւ փետրվարի 14-ի կեսգիշերը:
«USAID-ի՝ վարչական արձակուրդում գտնվող բոլոր աշխատակիցները կվերականգնվեն մինչեւ այդ ամսաթիվը եւ մինչեւ այդ ամսաթիվը կստանան էլեկտրոնային փոստի, վճարման եւ անվտանգության համակարգերի ամբողջական հասանելիություն, եւ մինչեւ այդ օրը ոչ մի այլ աշխատակից վարչական արձակուրդի չի ուղարկվի»,- նշել է դատավորը։
Այս գործով դատական լսումները նշանակվել են փետրվարի 12-ին։
Ուրբաթ կեսօրին կայացած դատական նիստում Նիքոլսն ասել է, որ արհմիությունները՝ Ամերիկյան դիվանագիտական ծառայության ասոցիացիան եւ Կառավարության աշխատակիցների ամերիկյան դաշնությունը, ապացուցել են, որ նրանց «անուղղելի վնաս» կպատճառվի, այն դեպքում, երբ կառավարությունը դա չի արել:
Լսումներում հայցվորները դատարանին խնդրել են անհապաղ դադարեցնել միջազգային գործուղումներում գտնվող USAID աշխատակիցների տարհանման հրամանները եւ վերականգնել դաշտային պայմաններում գտնվող մարդկանց համար համակարգչային համակարգերի հասանելիությունը բոլոր ստորաբաժանումներում։
ԱՄՆ կառավարությունն ավելի վաղ տեղեկացրել էր, որ USAID 2 200 աշխատակից կեսգիշերին արձակուրդ կուղարկվի՝ չհաշված եւս 500-ը, որոնք արդեն իսկ արձակուրդում են, եթե դատարանի որոշումը չընդունվի։ Ակնկալվում էր, որ 611 մարդ կշարունակի աշխատել USAID-ում, կառավարությունն ավելացրել է, որ չի պլանավորում կրճատել այդ թիվը:
Ավելի վաղ ԱՄՆ վարչակազմը փաստացի դադարեցրել էր USAID գործունեությունը։ Ամերիկայի նախագահ Դոնալդ Թրամփի որոշմամբ այս կառույցի ժամանակավոր ղեկավար է նշանակվել ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։
USAID-ի վերաբերյալ կազմակերպչական եզրակացություններն արվել են ամերիկացի միլիարդատեր, գործարար Իլոն Մասկի առաջարկով, որին Թրամփը նշանակել է նոր դեպարտամենտի՝ ԱՄՆ կառավարության արդյունավետությունը բարելավելու վարչության (Department of Government Efficiency) ղեկավար՝ պետական ուռճացված ապարատի նվազեցման եւ բյուրոկրատիայի դեմ պայքարելու նպատակով:





























