ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն աշխատանքից ազատել է Ազգային արխիվի ղեկավարին՝ կատարելով անցած ամիս տված խոստումը գործակալության ղեկավարությանը, որը  ներգրավված էր քրեական գործում, փոխելու մասին։ Քրեական գործում Թրամփը մեղադրվում էր գաղտնի փաստաթղթերի հետ ոչ ճիշտ վարվելու մեջ, հայտնել է NBC News-ը։

Սպիտակ տան՝ նախագահի անձնակազմի գծով տնօրեն Սերջիո Գորը X սոցցանցում հայտնել է, որ ազգային արխիվարիուս Քոլին Շոգանին աշխատանքից ազատել են ուրբաթ երեկոյան Թրամփի ցուցումով:

«Դոնալդ Թրամփի ցուցումով այսօր երեկոյան աշխատանքից ազատվել է Միացյալ Նահանգների արխիվարիուսը։ Մենք շնորհակալություն ենք հայտնում Քոլին Շոգանին իր աշխատանքի համար»,- ասել է Գորը:

Գորը չի հստակեցրել, թե ով կզբաղեցնի Շոգանի պաշտոնը։

LinkedIn-ի մի գրառում, որը, ենթադրաբար, պատկանում է Շոգանին, հաստատել է աշխատանքից նրա ազատումը:

«Նախագահ Թրամփն ինձ աշխատանքից ազատել է այս գիշեր։ Պատճառը չի նշվում։ Պատիվ էր ծառայել որպես Միացյալ Նահանգների 11-րդ արխիվարիուս: Չեմ ափսոսում ոչինչ, ես ամեն օր արել եմ ուժերիս ներածին չափով ամեն բան Ազգային արխիվի եւ ամերիկյան ժողովրդի համար»,- նշվել է հաղորդագրությունում:

Անցած ամիս ռադիոհաղորդավար Հյու Հյուիթի հարցազրույցում Թրամփն ասել էր, որ մտադիր է աշխատանքից հեռացնել Շոգանին։ «Մենք նոր արխիվարիուս ենք ունենալու»,- ասել էր նա։:

Ազգային արխիվը առանցքային դեր է խաղացել Թրամփի դեմ հարուցված քրեական գործում՝ զգուշացնելով ԱՄՆ արդարադատության նախարարությանը 2022թ., որ Թրամփը կարող էր սխալ վարվել գաղտնի փաստաթղթերի հետ այն բանից հետո, երբ նախագահը չի վերադարձրել գործակալության պահանջած գրառումները, ինչը նախագահներից պահանջվում է անել պաշտոնը թողնելուց հետո:

Շոգանը, որն ազգային արխիվարիուս էր դարձել 2023թ. մայիսին, գործակալությունը չի գլխավորել այդ գործում նրա ներգրավվածության պահին։