ԿՀՎ-ն էլեկտրոնային փոստով ուղարկել է բոլոր աշխատակիցների ոչ գաղտնի ցուցակը, որոնք աշխատանքի են ընդունվել հետախուզական վարչությունում վերջին երկու տարիներին, դաշնային ծառայողների կրճատման մասին նախագահ Դոնալդ Թրամփի հրամանագիրը կատարելու համար: Սակայն դա, նախկին աշխատակիցների խոսքով, լի է այն վտանգով, որ ցուցակը կհայտնվի հակառակորդների ձեռքում, գրում է New York Times-ը։
Լրատվամիջոցի տեղեկացմամբ՝ այս ցուցակը ներառում է նոր աշխատակիցների անուններն ու անվան սկզբնատառերը, որոնք դեռ փորձաշրջան են անցնում, ինչը նշանակում է, որ նրանց կարելի է հեշտությամբ ազատել աշխատանքից:
Դրանում ներառված են երիտասարդ վերլուծաբաններ եւ օպերատիվ աշխատողներ, որոնք աշխատանքի են ընդունվել հատուկ Չինաստանում աշխատելու համար, որոնց ինքնությունը սովորաբար խստորեն պահպանվում է, քանի որ չինացի հաքերներն անընդհատ փորձում են բացահայտել նրանց, ընդգծել է պարբերականը։
Սովորաբար գործակալությունը նախընտրում է չնշել այդ անունները չգաղտնիացված համակարգում: Որոշ նախկին աշխատակիցների խոսքով՝ իրենք մտահոգություն ունեն, որ ցուցակը կարող է փոխանցվել Իլոն Մասկի եւ կառավարության արդյունավետության բարձրացման նրա թիմի հետ աշխատող ծրագրային ապահովման նոր ընդունված երիտասարդ մասնագետների խմբին: Եթե դա տեղի ունենա, ապա աշխատակիցների անունները կարող են դառնալ ավելի հեշտ թիրախ Չինաստանի, Ռուսաստանի կամ օտարերկրյա այլ հատուկ ծառայությունների համար, կարծում է պարբերականը։
Գործակալության նախկին աշխատակիցներից մեկն այդ անունների տեղեկացումը ոչ գաղտնի էլեկտրոնային փոստով անվանել է «հակահետախուզության աղետ»։
Պաշտոնյաները հաստատել են, որ ԿՀՎ-ն աշխատակիցների անուններն ուղարկել է Անձնակազմի հետ աշխատանքի վարչություն՝ կատարելով Թրամփի ստորագրած հրամանագիրը։ Բայց պաշտոնյաները նվազեցրել են հնչեցված երկյուղները անվտանգության առումով։
Ամերիկացի պաշտոնյաներից մեկի խոսքով՝ փորձաշրջան անցնող աշխատակիցների միայն ազգանուններն ու անվան սկզբնատառերն ուղարկելով նրանք հույս են ունեցել, որ տեղեկությունը պաշտպանված կլինի։





























