Շաբաթ Դամասկոս է եկել Քիմիական զենքի արգելման կազմակերպության (ՔԶԱԿ) պատվիրակությունը, որպեսզի հանդիպի Սիրիայի նոր ղեկավարների հետ նախկին նախագահ Բաշար Ասադի տապալումից հետո առաջին անգամ, տեղեկացրել է Associated Press-ը։

Պատվիրակությունում, որը պետք է հանդիպեր նախագահ Ահմեդ աշ-Շարաայի և արտգործնախարար Ասաադ Հասան ալ-Շիբանիի հետ, ներառված են տեխնիկական փորձագետներ, որոնք հույս ունեն կապ հաստատել իրենց սիրիացի գործընկերների հետ:

Ասադի կառավարության տապալման պահից Հաագայում Կատարի դեսպանությունը հանդես է գալիս որպես միջնորդ նոր ղեկավարության եւ ՔԶԱԿ-ի միջեւ։

Թունավոր քիմիկատների պաշարների ճակատագիրը երկրում առիթ է դարձել ՔԶԱԿ արտահերթ նիստ գումարելու համար Ասադի տապալումից մի քանի օր հետո, դեկտեմբերին ապստամբների հարձակման հետեւանքով։ Կազմակերպությունը Սիրիայի նոր կառավարիչներին հայտնել է, որ նրանք պետք է հետեւեն վտանգավոր նյութերի, ինչպիսին է քլորային գազը, պահպանման եւ ոչնչացման կանոններին։

ՔԶԱԿ-ը ավելի վաղ հայտնել էր, որ հայտնաբերել է Ասադի կառավարության կողմից քիմիական զենքի բազմակի օգտագործման ապացույցներ Սիրիայում գրեթե 14-ամյա պատերազմի ընթացքում։

Սիրիան միացել է ՔԶԱԿ-ին 2013թ., որպեսզի հակադարձի ավիահարվածների սպառնալիքին՝ ի պատասխան Դամասկոսի արվարձանում իրականացված քիմիական գրոհի, եւ Ասադը հերքել է քիմիական զենքի օգտագործումը։ Անցած տարի կազմակերպությունը նաեւ պարզել է, որ «Իսլամական պետություն» խմբավորումն օգտագործել է իպրիտ Մարեա քաղաքում։