Միացյալ Նահանգները կարող է գնել Գազայի հատվածը, վերահսկողության տակ վերցնել այն, ապա վերակառուցել արաբական երկրների օգնությամբ: Այս մասին հերթական անգամ հայտնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ ինքնաթիռում լրագրողների հետ զրուցելիս։

«Ես հավատարիմ եմ Գազայի հատվածի գնման եւ սեփականության գաղափարին: Ինչ վերաբերում է սեփական ուժերով նրա վերականգնմանը, ապա մենք կարող ենք Մերձավոր Արեւելքի մյուս երկրներին հնարավորություն տալ վերակառուցել դրա որոշ հատվածները։ Այլ մարդիկ կարող են դա անել մեր հովանու ներքո»,- Թրամփի խոսքերը մեջբերել է Associated Press գործակալությունը:

Նախագահն ընդգծել է, որ Միացյալ Նահանգները «պետք է վերահսկողության տակ վերցնի Գազայի հատվածը» եւ ապահովի, որ արմատական ​​ՀԱՄԱՍ շարժումը «չվերադառնա այնտեղ»։ Թրամփը անկլավը համեմատել է «քանդման ենթակա վայրի» հետ եւ նշել, որ նրա բնակիչները «վերադառնալու տեղ չեն ունենա»։ Պետության ղեկավարը հանդես է գալիս Գազայից հարյուր հազարավոր պաղեստինցիների բռնի տեղահանման գաղափարով։ Թրամփը համոզված է, որ պաղեստինցիները կհեռանային Գազայից, եթե ընտրություն ունենային։

Փետրվարի 4-ին ԱՄՆ նախագահը Սպիտակ տանը բանակցություններից հետո Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ համատեղ մամուլի ասուլիսում ասել է, որ Վաշինգտոնը դիտարկում է Գազայի հատվածի երկարաժամկետ սեփականության հարցը՝ այն զարգացնելու համար, ի շահ խաղաղության Մերձավոր Արեւելքում։ ԱՄՆ նախագահը կողմ է արտահայտվել պաղեստինցիներին անկլավից տարածաշրջանի այլ երկրներ տեղափոխելու օգտին, որոնք, նրա խոսքով, կարող են «վճարել դրա համար»։ Թրամփը նշել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է զորքեր ուղարկել Գազա, եթե անհրաժեշտ լինի։ Դրան դեմ են արտահայտվել արաբական երկրները, Իրանը եւ մի շարք արեւմտյան երկրներ։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել է, որ ուշադրության արժանի չի համարում Գազայի ապագայի վերաբերյալ ԱՄՆ առաջարկները։