Միլանի Սֆորցա ամրոցի տակ վերջապես հայտնաբերվել են առեղծվածային ստորգետնյա անցումներ, որոնք ուրվագծել է Լեոնարդո դա Վինչին: Վաղ ռազմական պաշտպանության մաս կազմող թունելները հայտնաբերած փորձագետները ենթադրում են, որ դրանք կարող են ավելի շատ լինել, հաղորդում է Live Science-ը:
ժամանակակից Միլանի սրտում գտնվող Սֆորցա ամրոցի շինարարությունը սկսվել է 1300-ականների կեսերին: Դարերի ընթացքում այն ընդլայնվել, փոփոխվել և մասամբ ավերվել է, և այսօր նախնական ամրոցի միայն վեցերորդն է մնացել: Մոտ 1495 թվականին Միլանի տիրակալը վարձել է Լեոնարդո դա Վինչիին և այլ նկարիչների՝ ամրոցի ներքին պատերն ու առաստաղները զարդարելու համար։ Այդ ընթացքում դա Վինչին պաշտպանական ամրությունների էսքիզներ է արել, որոնք ապշեցուցիչ կերպով նման են Սֆորցա ամրոցին, ներառյալ առ այսօր կորած բազմաթիվ անցումները:
«Ստորգետնյա անցումները դեռ գոյություն ունեն, դրանցից մի քանիսը բաց են հանրության համար»,- Live Science-ին պատմել է Միլանի ճարտարագիտական համալսարանի ճարտարապետության պատմաբան Ֆրանչեսկա Բիոլոն։
Իր դիսերտացիայի հետազոտության շրջանակում՝ Բիոլոն համագործակցել է Սֆորցա ամրոցի ղեկավարության և Codevintec Italiana ինժեներական ընկերության հետ՝ խիստ շերտավորված պատմական շենքերի թվայնացման նոր եղանակ մշակելու և փորձարկելու համար:
Բիոլոն և նրա թիմն ուսումնասիրեցին ամրոցի ստորգետնյա տարածքները: Դա անելու համար նրանք օգտագործել են մի քանի եղանակներ, այդ թվում՝ լազերային սկանավորում, GPS, 3D ռադարային հետազոտություն և ֆոտոգրամետրիա, որն օգտագործում է բազմաթիվ լուսանկարներ՝ վիրտուալ 3D մոդել ստեղծելու համար: Նրանց նպատակն էր պարզել, թե արդյոք ամրոցի տակ անհասանելի կամ նախկինում անհայտ տարածքներ կամ անցումներ կան:
«Արդյունքները շատ ավելի նշանակալից ու հետաքրքրությունը գրգռող էին, քան մենք ակնկալում էինք»,- հայտնել է պատմաբանը։
Այս նոր հայտնաբերված հատվածներն, ըստ երևույթին, դա Վինչիի 1495 թվականի էսքիզում պատկերվածներից մի քանիսն են:
Նրա ուրվագիծը հստակ ցույց է տալիս ամրոցի հիմնական կմախքը, ինչպես նաև բազմաթիվ անցումները։
«Ընդ որում անհնար է ճշգրիտ որոշել Լեոնարդոյի մասնակցությունը Միլանի ամրոցի կառուցմանը», - հավելել է գիտնականը:





























