Ուկրաինական հակամարտության կարգավորման շուրջ շփումները, ի թիվս այլ հարցերի, տեղի կունենան հաջորդ շաբաթ Սաուդյան Արաբիայում։ Այս մասին հինգշաբթի ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ Սպիտակ տանը Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ բանակցություններից առաջ։

«Վաղը հանդիպում է լինելու Մյունխենում, իսկ հաջորդ շաբաթ՝ Սաուդյան Արաբիայում, ոչ թե իմ կամ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ։ Եվ Ուկրաինան նույնպես կմասնակցի դրան»,- ասել է պետության ղեկավարը։ Նա հաստատել է, որ ԱՄՆ-ն ցանկանում է վերջ տալ ուկրաինական հակամարտությանը։

Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ Ռուսաստանի և ԱՄՆ պաշտոնյաները բանակցություններ կվարեն ուկրաինական հակամարտության շուրջ փետրվարի 14-ին Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում։ Նա նաև հաստատել է, որ ակնկալում է Պուտինի հետ հանդիպել Սաուդյան Արաբիայում։ Թրամփը դրականորեն է պատասխանել հարցին, թե արդյոք նա ակնկալում է նման հանդիպում ունենալ թագավորությունում: