«Արցախյան հիմնահարցը մտել է դիվանագիտական այնպիսի փակուղի, երբ այլևս բանակցային գործընթացի առարկա լինել չի կարող»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ է հայտնել մարքսիստական կուսակցության առաջնորդ Դավիթ Հակոբյանն ու ընդգծել, որ ներկա պայմաններում դիվանագիտական ճգնաժամը կարելի է լուծել երկու ճանապարհով: «Կա՛մ Հայաստանի նախագահը շտապ, Լևոն Տեր-Պետրոսյանի նման, հրաժարական է տալիս՝ իր դիվանագիտական անկարության համար, կամ Հայաստանի Ազգային ժողովը որոշում է կայացնում դենոնսացիայի ենթարկել թուրք-բոլշևիկյան 3 պայմանագրերը, որից հետո Ղարաբաղը ճանաչվում է որպես ապագաղութացվող կողմ, հետևապես՝ հիմնական կոնֆլիկտող և բանակցող կողմ, իսկ Հայաստանը սեպարատ դուրս է գալիս բանակցային գործընթացից»,- իր մոտեցումն է ներկայացրել գլխավոր մարքսիստը:

Այնուհետեւ անդրադառնալով Հայաստանի ու Ղարաբաղի իշխանությունների միջեւ տարաձայնությունների առկայությանը, նա նշել է, որ շատ շուտով, հնարավոր է ԼՂՀ նախագահի փոփոխության հարց դրվի: «Ես վարկած ունեմ, որ դաշնակները կարող են նախապատրաստել Ռոբերտ Քոչարյանի թեկնածությունը՝ որպես Ղարաբաղի նախագահ, որպես ուժեղ անհատ՝ ինքնուրույն վարելու Հայաստանից զատ բանակցային գործընթացը»,- ասել է Դ. Հակոբյանը: