ՄԱԿ-ը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին չի համարում պետության ոչ լեգիտիմ ղեկավար, փետրվարի 19-ին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը։ «Նախագահ Զելենսկին ստանձնել է պաշտոնը պատշաճ անցկացված ընտրություններից հետո»,- ասել է նա Նյու Յորքում լրագրողներին՝ մեկնաբանելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունները, երբ նա Զելենսկիին «բռնապետ» է անվանել, գրում է գերմանական Deutsche Welle պարբերականը։
Նույն օրը ավելի վաղ Թրամփն իր Truth Social սոցիալական ցանցում քննադատել է իր ուկրաինացի գործընկերոջը՝ պետության ղեկավարի ընտրություններ անցկացնելուց հրաժարվելու համար՝ չնայած հարցումներում նրա «շատ ցածր վարկանիշին»: Թրամփը Զելենսկիին մեղադրել է ամերիկյան փողերը վատնելու մեջ «պատերազմի վրա, որում հնարավոր չէ հաղթել և որը երբեք չպետք է սկսվեր»։ «Բռնապետ առանց ընտրությունների, Զելենսկին ավելի լավ է շտապի, թե չէ երկրից բան չի մնա»,- գրել է ամերիկացի առաջնորդը։
Ուկրաինայի նախագահը դեռ չի մեկնաբանել Թրամփի խոսքերը։ Ուկրաինայի արտգործնախարար Անդրեյ Սիբիգան նշել է, որ երկիրը կպաշտպանի իր գոյության իրավունքը։
Դոնալդ Թրամփի հայտարարությունները քննադատել է նաև Գերմանիայի կառավարությունը։ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Der Spiegel-ին տված հարցազրույցում ասել է, որ Ուկրաինայի նախագահի դեմոկրատական լեգիտիմության ժխտումը «ուղղակի սխալ է և վտանգավոր»: «Ճիշտն այն է, որ Վլադիմիր Զելենսկին Ուկրաինայի պետության ղեկավար է ընտրվել։ Այն, որ պատերազմի պայմաններում անհնար է պատշաճ ընտրություններ անցկացնել, արտացոլված է Ուկրաինայի սահմանադրության և ընտրական օրենսդրության մեջ։ «Ոչ ոք չպետք է հակառակը պնդի», -ընդգծել է Շոլցը:
Գերմանիայի արտգործնախարար Անալենա Բերբոքը Թրամփի հայտարարությունները որակել է որպես «միանգամայն անհեթեթ»։ «Եթե նայեք իրական աշխարհին, այլ ոչ թե պարզապես թվիթ հրապարակեք, կհասկանաք, թե ովքեր են Եվրոպայում, ցավոք, ապրում բռնապետության ներքո՝ մարդիկ Ռուսաստանում, մարդիկ՝ Բելառուսում», - ZDF հեռուստաալիքի եթերում հայտարարել է Բերբոքը:





























