Պատճառը, որ քաղաքային իշխանությունները չկարողացան կանխել ձյան հետևանքով տրանսպորտային կոլապսը Երևանում, ոչ պրոֆեսիոնալ մոտեցումն է, իրենց թվում է, որ իրենք կարող են իրենց թայֆայից կամ իրենց ընկերներից, կամ իրենց վստահելի մարդկանց ներգրավել այդ գործի մեջ և իրականացնել այդ ամեն ինչը։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց Ճարտարապետ, քաղաքային պլանավորող Սարհատ Պետրոսյանը:
«Այսպես հնարավոր չի քաղաք կառավարել, հատկապես լավ կառավարել, հատկապես մեծ քաղաք կառավարել: Նույն սիրողական մոտեցումը, որ մենք տեսնում ենք, օրինակ, տրանսպորտի կազմակերպման ժամանակ, հիմա էլ տեսնում ենք դրա արդյունքները։ Այստեղ բազմաթիվ լուծումներ կան, տարբեր քաղաքներ տարբեր փորձ ունեն, ուղղակի պետք է նպատակ դնել, սովորել, ոչ թե իրենք ճամփորդելու ընթացքում մի տեղ տեսնում են՝ ձյունը ոնց են մաքրում, իրենց թվում է արդեն կարող են ձյուն մաքրել: Դրա համար ունենում ենք այն, ինչ ունենում ենք:
Այն քաղաքները, որոնք տարվա մեջ հազվադեպ են ունենում այս եղանակները, իրենք պետք է ունենան այնպիսի տեխնիկական և կազմակերպչական սխեմաներ, որոնք շատ արագ կարող են մոբիլիզացնել և նման մաքրում իրականացնել։ Հաշվի առնելով, որ Հայաստանում մենք նման կլիմա ունենում ենք երեք տարին մեկ կամ տարվա մեջ երկու-երեք օր, բնականաբար պետք չի ակնկալել, որ Երևանը պետք է ունենա ամբողջական ձուն մաքրող սարքավորումների պարկ, որն ամբողջ տարին կանգնած է մնալու: Պետք է կիրառել այն փորձը, որ բազմաթիվ քաղաքներում ունեն, որ գոյություն ունեցող տեխնիկային կցվում են մաքրող սարքավորումները և շատ արագ կարողանում են վերափոխել գոյություն ունեցող տեխնիկան ձյուն մաքրող սարքավորումների համար»,- հայտարարեց նա:
Սարհատ Պետրոսյանն առանձնացրեց նաեւ այն, որ Երևանի սանմաքրումը և կանաչապատումը կենտրոնացվե են մեծ խոշոր կազմակերպություններում. «Այդտեղ կորում է այն ներուժը, որ տեղում լոկալ մարդիկ պատասխանատու են X տարածքի համար։ Երևանում հիմա ամեն տարածք ունի իր մաքրողը, այլ խմբով գալիս են ամսվա մեջ մեկ անգամ մաքրում են ու գնում են։ Այդտեղ կորում է այդ տարածքի վերաբերյալ պատկերացում ու փորձ ունենալու խնդիրը: Եթե ինձ վստահվեր այդ ոլորտը, ես կհրավիրեի պրոֆեսիոնալների, որոնք այդ ոլորտում փորձ ունեն, իսկ այս իշխանությունները որեւէ մեկին նշանակում են ու ասում են՝ դե բարեփոխում իրականացրու: Դրա համար էլ ստացվում է այդպես, ոնց ստացվում է»ասաց նա:





























