ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը Ուկրաինային է տրամադրել օգտակար հանածոների մասին համաձայնագրի նախագծի նոր՝ «ուղղված» տարբերակը։ Այս քայլը տեղի է ունեցել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի՝ Թրամփին «վրդովեցնելուց հետո՝ մերժելով նախնական առաջարկը», հաղորդում է Axios-ը՝ վկայակոչելով ոմն ուկրաինացի և ոմն ամերիկացի պաշտոնյայի, ինչպես նաև գործին ծանոթ երեք անձանց:
Axios-ի՝ ինչպես ուկրաինական, այնպես էլ ամերիկյան զրուցակիցները կարծում են, որ գործարքն այժմ ավելի հավանական է թվում: Ըստ դրանցից մեկի՝ համաձայնագրի նոր տարբերակը «զգալի բարելավումներ» է պարունակում և համապատասխանում է Ուկրաինայի օրենսդրությանը։ Զելենսկու օգնականներից մի քանիսը նրան կոչ են անում ստորագրել նորացված համաձայնագրի նախագիծը՝ Թրամփի հետ հետագա բախումներից խուսափելու համար և նրան հնարավորություն տալ արդարացնելու ամերիկյան աջակցությունն Ուկրաինային, գրում է գերմանական Deutsche Welle պարբերականը։
Համաձայնագրի նոր տարբերակը հաշվի է առնում «Զելենսկու որոշ մտահոգություններ» և, ի թիվս այլ բաների, հանվում է այն դրույթը, ըստ որի համաձայնագիրը գտնվում է Նյու Յորքի դատարանի իրավասության ներքո։ Ավելի վաղ Reuters-ը ևս հայտնել էր «պարզեցված» գործարքի հնարավորության մասին։
Նույն օրը ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը լրագրողներին հայտարարել է, որ Զելենսկին օգտակար հանածոների հարցով պետք է «վերադառնա բանակցությունների սեղանի շուրջ»։ «Դրանք բանակցություններ են։ Իսկ բանակցությունների ժամանակ համաձայնության են գալիս։ Ուկրաինան ցանկանում է բանակցել հանքային ռեսուրսների շուրջ, ուստի մենք քննարկում ենք դա»,- հայտարարել է նա։





























