Արքայադուստր Տենկո բեմական կեղծանունով հայտնի ճապոնացի աճպարարը Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Իրի հուղարկավորությանը մասնակցելու հրավեր է ստացել:

«Ես հրավերը ստացել եմ հեռախոսով եւ էլեկտրոնային փոստով, Կիմի ընտանիքի անդամից: Ինձ խնդրել են սպիտակ հագուստ կրել», - լրագրողներին ասել է աճպարարը` նշելով, որ վերջին անգամ հյուսիսկորեական առաջնորդին հանդիպել է 2009թ.: Նրանք այդ ժամանակ միասին ընթրել են, գրում է  «Կոմսոմոլսկայա պրավդա»-ն:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ԿԺԴՀ ղեկավարությունը հայտարարել էր, որ առաջնորդի հուղարկավորությանը օտարերկրյա դիվանագետներ չեն մասնակցի: Բայց արքայադուստր Տենկոյի հրավերը վկայում է, որ նրանք, ովքեր մոտ են եղել առաջնորդին, կմասնակցեն հուղարկավորությանը:

Արքայադուստր Տենկոն երկու անգամ ԿԺԴՀ-ում ելույթ է ունեցել իր կախարդական շոուով` 1998 եւ 2000թթ.: Բայց նա բազմիցս մասնակցել է  (նվազագույնը 10 անգամ)  Կիմ Չեն Իրի կազմակերպած անձնական ընթրիքներին:

ԿԺԴՀ հանգուցյալ առաջնորդը նրան հատուկ ուշադրություն էր դարձնում եւ նվերներ շռայլում: Նա արքայադուստր Տենկոյին նվիրել է նրա իսկ դիմանկարը`  ոտքից գլուխ, զարդարված ադամանդներով, ռուբիններով եւ այլ թանկարժեք քարերով:

Հիշեցնենք, Հյուսիսային Կորեան 17 տարուց ավելի ղեկավարած Կիմ Չեն Իրը մահացել է դեկտեմբերի 17-ին, կյանքի 70-րդ տարում: Կիմ Չեն Իրի հուղարկավորությունը նշանակված է դեկտեմբերի 28-ին: Նրա ժառանգորդը դեռեւս 2010թ. նշանակվել էր կրտսեր որդի Կիմ Չեն Ընը: