Ծագումով չինացի գիտնական Քեսյուե Հուանին ԱՄՆ-ում դատապարտել են 7 տարվա ազատազրկման`  Չինաստանի օգտին արտադրական լրտեսություն իրականացնելու համար:

Agence France-Presse-ը տեղեկացնում է, որ ներկայացված մեղադրանքների համաձայն նրան 25 տարվա ազատազրկում էր սպառնում, սակայն վերջինս կարողացել է արդարադատության հետ գործարքի մեջ մտնել:

2003-2008թթ. Քեսյուե Հուանը աշխատել է Dow AgroSciences ընկերության հետազոտությունների բաժնում: Մեղադրող կողմը կարծում է, որ նրան ապօրինի կերպով հասանելի է դարձել արտադրական գաղտնիք պարունակող տեղեկատվությունը, որը նա փոխանցել է չինական ընկերություններին:

Խոսքը օրգանական թունաքիմիկատների մշակման մասին է, որը կատարվում էր Dow AgroSciences-ում` ԱՄՆ  Dow Chemical քիմիական խոշորագույն ընկերության մասնաճյուղում: Արտադրական գաղտնիք պարունակող տեղեկությունները Քեսյուե Հուանը փոխանցել է չինական Hunan Normal University համալսարանին, ինչպես նաեւ ՉԺՀ-ի կառավարության հովանու ներքո գործող մի շարք այլ գիտական հաստատությունների: