Լատվիան դասեր է քաղել Ուկրաինայի հակամարտությունից և ստեղծում է սեփական անօդաչուների բանակը։ Այս մասին ամերիկյան Business Insider պորտալին հայտնել է հանրապետության պաշտպանության նախարար Անդրիս Սպրուդսը։
Ավելի վաղ Լատվիան Բրիտանիայի հետ կոալիցիա էր ստեղծել, որն անօդաչուներ էր մատակարարում Ուկրաինային։ Նախաձեռնությանը մասնակցում է մոտ 20 երկիր։ Ըստ Սպրուդսի, կոալիցիայի ստեղծման շնորհիվ պաշտպանական արդյունաբերությունը Լատվիայում սկսել է ավելի ակտիվ զարգանալ։ Նախաձեռնությունը «զգալի ներդրում է ունեցել հանրապետությունում անօդաչուների արտադրության մեջ», հավելել է նա։
Այս կապակցությամբ նախարարը նշել է, որ Լատվիան ներկայումս ստեղծում է իր «անօդաչուների բանակը» և մեծացնում է անօդաչու կարողությունները «զինված ուժերի բոլոր մակարդակներում»։
Շվեդիայի պաշտպանության նախարար Փոլ Յոնսոնը, որը նույնպես զրուցել է պորտալի հետ, ասել է, որ կոչ է անում ՆԱՏՕ-ի բոլոր անդամներին ներդրումներ կատարել անօդաչուների և դրանց դեմ պայքարի միջոցների արտադրության մեջ, քանի որ դրանք դարձել են «ժամանակակից զինվորական գործի կարևոր բաղկացուցիչը» և «զգալի դեր են խաղում Ուկրաինայի մարտադաշտում»:
«[Մենք հաշվի ենք առնում] մասշտաբն ու ծավալը, նաև այն, թե ինչ արագ են տեղի ունեցել տեխնոլոգիական զարգացումները Ուկրաինայում. սա մեզ ստիպել է գիտակցել, որ սա այն ոլորտն է, որտեղ մենք պետք է մեծ ներդրումներ կատարենք», - հավելել է նա՝ նշելով, որ անօդաչու թռչող սարքերի տեխնոլոգիաների զարգացումը հիմնական դասերից մեկն է, որը Շվեդիան քաղել է հակամարտության գոտում կատարվողն ուսումնասիրելուց հետո։





























