Ծագումով թուրք գերմանացի նախկին ֆուտբոլիստ և 2014 թվականի աշխարհի չեմպիոն Մեսութ Օզիլը դարձել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի «Արդարություն և զարգացում» կուսակցության խորհրդի անդամ, հայտնում է գերմանական Bild պարբերականը։

Անկարայում անցկացված կուսակցության համագումարում նա նշանակվել է խորհրդի 39 նոր անդամներից մեկը, որն ընդհանուր բաղկացած է 75 հոգուց։ Փաստորեն, «Արդարություն և զարգացում» կուսակցության դերը Թուրքիայում այնքան էլ մեծ չէ. 2017 թվականի սահմանադրական բարեփոխումներից հետո Էրդողանը գործնականում անսահմանափակ լիազորություններ է ստացել։

Բացի դրանից, ինչպես նշում է Եվրահանձնաժողովը, երկրի դատական ​​համակարգը հիմնականում կառավարության վերահսկողության տակ է։ Նույն համագումարում Էրդողանը վերընտրվել է կուսակցության ղեկավարի պաշտոնում՝ հնարավոր 1547-ից ստանալով 1547 ձայն։ Էրդողանին Օզիլի աջակցությունը նորություն չէ: Դեռևս 2018 թվականին նրանց համատեղ լուսանկարը սկանդալ է առաջացրել Գերմանիայում, որից հետո ֆուտբոլիստը լքել է ազգային հավաքականը։ Թուրքիայում Օզիլի հարսանիքին վկա է եղել նաև Էրդողանը։ 2024 թվականի ամռանը նրանք միասին դիտել են Բեռլինում անցկացված Եվրոպայի առաջնության Հոլանդիա-Թուրքիա հանդիպումը։