ՀԱՄԱՍ արմատական շարժման գաղափարը գոյություն կունենա այնքան ժամանակ, քանի դեռ պաղեստինյան անկախ պետություն չի ստեղծվել։ Այս տեսակետն է հայտնել Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Կատարի Al Jazeera հեռուստաալիքի չորեքշաբթի օրվա հարցազրույցում՝ պատասխանելով Գազայի հատվածի ապագայում շարժման դերի մասին հարցին։
«ՀԱՄԱՍ-ը գաղափար է, որը ծնվել է ի պատասխան Իսրայելի օկուպացիայի: ՀԱՄԱՍ-ը կարող է հեռանալ այսօր, բայց դիմադրությունը կշարունակվի այլ ձեւերով, քանի դեռ օկուպացիան շարունակվում է»,- ասել է նա։ Նախարարի խոսքով՝ ՀԱՄԱՍ-ի դերի վրա կենտրոնանալը նշանակում է խուսափել խնդրից, որն իրականում «պաղեստինյան հողերի բռնազավթումն է»։ Այսպիսով, ըստ Ֆիդանի, ապագայում կարող է հայտնվել շարժում, «որն ավելի ընդունակ կլինի դիմադրության եւ պատերազմի», եւ պատմությունը կկրկնվի։





























