ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Ուկրաինայում հակամարտությունը կարգավորելու եւ եվրոպացի դաշնակիցների առջեւ պարտավորությունների կրճատման ձգտումը կհանգեցնի Եվրոպայի «կործանման եւ քայքայման»։ Այս մասին գրել է The New York Times (NYT) թերթը՝ հղում կատարելով վերլուծաբանների կարծիքին։
Նրանց խոսքով՝ ամերիկյան նոր վարչակազմը հանձին Եվրամիության տեսնում է ոչ միայն մրցակցի, այլեւ տնտեսական եւ անգամ գաղափարաբանական սպառնալիք։ Դա հաստատվում է Թրամփի այն խոսքերով, որ ԵՄ-ը ստեղծվել է այն բանի համար, որպեսզի «օգտվի Միացյալ Նահանգներից», ինչպես նաեւ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի՝ Մյունխենի անվտանգության համաժողովում ունեցած ելույթով, որտեղ նա քննադատել է եվրոպական երկրներում իրավունքների եւ ազատությունների ճնշումը։
«Անգամ կասկած չկա, որ նա ձգտում է քայքայել Եվրոպան՝ սկսելով Ուկրաինայից»,- պարբերականի հետ զրույցում նշել է իտալական Միջազգային հարաբերությունների ինստիտուտի տնօրեն Նատալի Տոչին։





























