Չեխիայի մայրաքաղաքում այսօր` դեկտեմբերի 23-ին, կկայանա հանրապետության առաջին նախագահ Վացլավ Հավելի հուղարկավորությունը:
Հրաժեշտի պաշտոնական արարողությունը տեղի կունենա Սուրբ Վիտայի տաճարում: Կհայտարարվի լռության րոպե, ինչից հետո քաղաքում կհնչեն սիրենաները: Պրահայի բոլոր տաճարների զանգերը երեք րոպե կղողանջեն հանգուցյալի հիշատակին: Նաեւ երկրի ամենահայտնի Պետրշին սարի վրա տեղադրված թնդանոթից 21 համազարկ կհնչի: Այնուհետեւ կսկսվի հոգեհանգստյան արարողությունը, որը կանցկացնեն Պրահայի արքեպիսկոպոս Դոմինիկ Դուկան եւ եպիսկոպոս Վացլավ Մալին:
Պետական հուղարկավորթյանը ամբողջ աշխարհից շուրջ հազար մարդ է հրավիրվել: Պրահա կժամանեն 50 արտասահմանյան պատվիրակություններ: Բարձրաստիճան հյուրերի շարքում, Ֆինլանդիայի, Ֆրանսիայի, Վրաստանի, Հունգարիայի, Ավստրիայի եւ Սլովակիայի նախագահներից բացի, կլինեն նաեւ ԱՄՆ նախկին պետքարտուղար Մադլեն Օլբրայթը, Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնը, Եվրահանձնաժողովի ղեկավար Ժոզե Մանուել Բարոզուն, ԱՄՆ ներկա պետքարտուղար Հիլարի Քլինթոնը եւ նրա ամուսին, նախկին նախագահ Բիլ Քլինթոնը: Լեհաստանը կներկայացնեն նախկին նախագահ Լեխ Վալենսան եւ սենատի խոսնակ Բոգդան Բորուսեւիչը, տեղեկացնում է rbc-ն:
Վ. Հավելը մահացել է 2011թ. դեկտեմբերի 18-ին` երկարատեւ ծանր հիվանդությունից հետո, 75 տարեկան հասակում, Տրուտնով քաղաքից ոչ հեռու գտնվող իր տանը:




























