Բաքվի դատավարության համատեքստում մենք հստակ նշել ենք, որ տեղեկություններ կան, որ արգելված միջոցներ են կիրառվում, խոշտանգումներ են կիրառվում։ Այս մասին մարտի 5-ին խորհրդարանում կառավարության ժամին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Հայաստանի ԱԳՆ-ն տվել է հստակ գնահատական, և մենք շարունակելու ենք մեր ջանքերը այս խնդրի լուծման ուղղությամբ։ Մեր դիվանագիտությունն անում է հնարավոր ամեն ինչ՝ առաջնորդվելով առաջին հերթին «մի վնասիր» սկզբունքով։
Մեր գնահատականը շատ պարզ է՝ կիրառվում են ֆիզիկական և հոգեբանական ճնշումներ, արգելված այլ միջոցներ։ Սա մեզ համար անընդունելի է»,- նշել է Փաշինյանը։
Նրա կարծիքով, եթե Բաքվի այս տեսարաններն օգտագործվում են հայ հասարակության վրա հոգեբանական ազդեցություն գործադրելու համար, իսկ Ադրբեջանին դա հաջողվում է, նշանակում է, որ Բաքուն կատարում է իր խնդիրը։ «Ստացվում է, որ մենք էլ այս տեսանկյունից պետք է ընկալենք այս խնդիրը»,- ընդգծեց նա։





























