Հայրենասեր հայերին պետք է, որ պարոն Վարդանյանը (ԼՂՀ նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյան- խմբ.) ողջ-առողջ վերադառնա Բաքվից։ Այս մասին մարտի 6-ին Ազգային ժողովում ավանդական ճեպազրույցներում հայտնել է ընդդիմադիր պատգամավոր, Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ Հայկ Մամիջանյանը։
«Մեզ բոլորիս՝ հայերիս, պետք է, որ Ռուբեն Վարդանյանը եւ մյուս տղաները ապահով եւ առողջ տուն վերադառնան։ Այդ մարդկանց տանջամահ են անում։ Եթե վարչապետի աթոռին նստածի կողմից պահանջ չպիտի լինի, ապա ումի՞ց պետք է լինի։ Այդ մարդիկ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ են։ Թող վերադարձնեն, ինչպես ուզում են։ Սա ներկա իշխանության խնդիրն է»,- ասել է Մամիջանյանը։
Ընդդիմությունն, իր հերթին, ինչպես հավաստիացրել է պատգամավորը, կօգտագործի իր ունեցած բոլոր լծակներն ու մեխանիզմները։





























