Դատավարությունների հետ կապված Ադրբեջանի տարբեր տիպի հրապարակումներն ուղղված են մեր զգացմունքների վրա ազդելուն։ Այս մասին մարտի 6-ին Ազգային ժողովում ավանդական ճեպազրույցների ժամանակ հայտնել է կառավարող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը։
«Այս թեմայով լուրջ հայտարարություններ անելու գայթակղություն կա։ Ինչ-որ կշիռ ունեցող խոսքեր ասելու ցանկություն կա։ Սակայն պետք է նաեւ հասկանալ, թե այս խոսքերը որքանով կարող են օգտակար լինել ներկայում Բաքվում պահվող մեր բանտարկյալներին Հայաստան վերադարձնելու համար»,- ավելացրել է Խանդանյանը։
Կառավարող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանն իր հերթին նշել է, որ այս թեման շատ զգայուն է։ «Այստեղից եկող ցանկացած մեկնաբանություն ուղղակիորեն կապված է ընթացող գործընթացների եւ ինչ-որ պայմանավորվածությունների հետ»,- նկատել է Հովհաննիսյանը։




























