Ես քրդերի հետ մի քիչ հարաբերության մեջ եմ, քիչ հետո իրենց ղեկավարներից մեկի հետ եմ զրուցելու, պիտի 1-2 բանի մասին զգուշացնեմ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց Սիրիայում ապրող հայ–արաբական միջազգային իրավական խորհրդի ընդհանուր քարտուղար Վահե Մահշիկյանը՝ անդրադառնալով նրան, որ քրդերը իշխանությունների հետ փաստաթուղթ են ստորագրել, որով համաձայնել են իրենց քաղաքացիական ու զինված կառույցներն ինտեգրվել Սիրիայի պետական կառույցներին:

«Իրենք ուզում են միանալ ներկա պետությանը, ինտեգրվել ուժային կառույցներին: Ես իրենց պիտի զգուշացնեմ, որ կարող է իրենց հետ պատահել այն, ինչ մեզ հետ պատահեց 1914-ին, երբ 340 հազար հայ զինվոր նույն ձևով ներգրավվեց Օսմանյան կայսրության պետական կառույցներին, հետո կամաց-կամաց բոլորին կոտորեցին:

Այս իսլամիստները 1-2 փորձ արեցին մտնել քրդական շրջանները, բայց չհաջողեցին: Երեք-չորս օր առաջ իսլամական խմբավորումները փորձեցին մտնել քրդական շրջաններ, բայց բոլորը կոտորվեցին, ոչ ոք ողջ չմնաց: Քրդերը լավ պատրաստված էին:

Քրդերը այսօր 200 հազար զենքի տակ գտնվող զինյալ ունեն և կարող են 2 միլիոն կամավոր հավաքել: Դրա համար Սիրիայում այսօր ամենազորավոր ուժը քրդերն են, բայց իրենք չմիջամտեցին ընդհանուր զարգացումներին: Սիրիայի հարստության մեծ մասը իրենց տարածքներում է՝ գազը, նավթի հանքերը: Տարեկան երկու միլիոն տոննա ցորեն է արտադրում քրդական տարածքը, ջուրն այնտեղ է, էլեկտրականությունն այնտեղ է:

Հիմա այս իսլամականները իրենց ներգրավում են պետության մեջ, ինքը քրդերի կողմից միամիտ քայլ է: Քիչ հետո խոսելու եմ իրենց ղեկավարներից մեկի հետ, չգիտեմ՝ որ չափով ինձ կլսի: Միամիտ քայլ է, որովհետև քրդերը միասին զորավոր են, եթե բաժնվեն, շատ կթուլանան եւ արագ կբնաջնջվեն: Այս իսլամականները ցեղասպան են, նույն ցեղասպանն են, որ մեզ ժամանակին կոտորեցին: Սրանք ոչ կրոն գիտեն, ոչ ազգ գիտեն, ճիշտ Օսմանյան մտածելակերպն ունեն:  Իրենք չեն ուզում, որ ուրիշը իրենց հետ մասնակցի երկրի կառավարմանը»,- հայտարարեց Մահշիկյանը:

Նա նկատեց, որ այսօր ամերիկացիները հովանավորում են քրդերին ւ ասում են՝ գնացեք, մասնակցեք երկրի կառավարմանը. «Բայց ես սա միամիտ ու վտանգավոր քայլ եմ համարում իրենց համար»:

Ինչ վերաբերում է հայերին, նա ասաց, որ հայերը քրդերի կազմի մեջ են. «Ես խոսել եմ իրենց հետ, ասացին՝ հայերը մեզ հետ են, հայերը լավ դիրքի վրա են, մեզ հետ լավ է հայերին: Ես կուզեմ քրդերի հետ մենք լավ հարաբերության մեջ լինենք, որովհետև քրդերը նույնիսկ Հայաստանի համար նպաստավոր ուժ են Թուրքիայի դեմ»: