Եմենի «Անսար Ալլահ» շարժման հութիները կվերսկսեն գրոհները Իսրայելի հետ կապված նավերի վրա Կարմիր եւ Արաբական ծովերում՝ փորձելով ճնշում գործադրել հրեական պետության վրա՝ վերականգնելու մարդասիրական օգնության մատակարարումները Գազայի հատված: Այս մասին հայտնել է ապստամբների կողմից ստեղծված զինված ուժերի ներկայացուցիչ Յահյա Սարիան։
«Եմենի զինված ուժերը հաստատում են Կարմիր եւ Արաբական ծովերի օպերատիվ գոտում իսրայելական բոլոր նավերի երթեւեկության արգելքի երկարաձգումը, քանի որ միջնորդներին տրված վերջնաժամկետը լրանում է՝ ճնշելու իսրայելական թշնամուն՝ բացել անցակետերը եւ [մարդասիրական] օգնություն հասցնել Գազայի հատվածին, ինչպես նաեւ Բաբ ալ-Մանդեբի նեղուցը եւ Ադենի ծոցը»,- ասել է Սարիան հութիներին պատկանող Al Masirah հեռուստաալիքի եթերում:
Ինչպես նշել է «Անսար Ալլահի» ռազմական ներկայացուցիչը, որոշումն ուժի մեջ է մտնում «այս հայտարարության հրապարակման պահից» եւ ուժի մեջ կմնա այնքան ժամանակ, քանի դեռ Իսրայելը մարդասիրական օգնություն մատակարարելու համար անցակետ չի բացել Գազայի հատվածի սահմանին։ «Ցանկացած իսրայելական նավ, որը կփորձի խախտել այս արգելքը, հարձակման կենթարկվի նշված օպերատիվ գոտում»,- ավելացրել է նա։
Մարտի 7-ին հութիների առաջնորդ Աբդել Մալիք ալ-Հութին ասել է, որ շարժումը կվերսկսի «ծովային գործողությունները» Իսրայելի դեմ, եթե Գազա օգնության մատակարարումները չբացվեն չորս օրվա ընթացքում: Երկուշաբթի երեկոյան նա ասել է, որ «Անսար Ալլահը» պատրաստ է մարտի 11-ին վերսկսել հարձակումները իսրայելական նավերի վրա։




























