Մեծի Տանն Կիլիկո Արամ Ա կաթողիկոսը շնորահալության նամակ է հղել Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիին, կապված այդ երկրի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունման հետ:
Նամակում, մասնավորապես, ասվում է.
«Սիրելի պարոն նախագահ,
Որպես Կաթողիկոս Մեծի Տանն Կիլիկիո, հատուկ ուրախությամբ ողջունում եմ Ֆրանսիայի Խորհրդարանի ընդունած, Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը վավերացնող վերջին որոշումը: Ողջունում եմ նաեւ Ձեր վերջին հայտարարությունը Երեւանում, ուր Դուք մեկ անգամ եւս արտահայտեցիք ֆրանսիացի ժողովրդի հստակ ու ամուր կեցվածքը հայոց ցեղասպանության պատմական իրողության մասին:
Կիլիկիիայի հայերը հատկապես ցեղասպանության զոհ դարձան, որի հետեւանքով Կիլիկիայի Կաթողիկոսությանը պարտադրվեց թողնել իր դարավոր վայրը Կիլիկիայում եւ հաստատվել Լիբանանում Անթիլիասի մեջ:
Արդարեւ, Ֆրանսիան մարդկային արժեքների եւ մարդկային իրավունքների եւ արդարության նկատմամբ իր ունեցած հավատարմությամբ ու հանձնառությամբ օրինակ է այն բոլոր երկրների համար, որոնք դեռ փորձում են ուրանալ Հայոց ցեղասպանությունը: Ժխտողական վերաբերմունքը այս պատմական իրողության նկատմամբ, կարող է պատճառ հանդիսանալ նոր ցեղասպանությունների:
Հետեւաբար, միջազգային համայնքը ավելի լուրջ մոտեցում պետք է որդեգրի Հայոց ցեղասպանության գծով, որ շարունակում է անպատիժ մնալ:
Ձեր եւ Ֆրանսիային դիրքորոշումը, պարոն նախագահ, Հայոց ցեղասպանության նկատմամբ մարմնացնում է Ֆրանսիայի եզակի դերը միջազգային համայնքում՝ ի պաշտպանություն մարդկային իրավունքների:
Ընդունեք հայ ժողովրդի եւ անձնապես Մեր խոր շնորհակալությունը Ֆրանսիայի ժողովրդին ու ֆրանսիկան պետության որդեգրած այս քաջ կեցվածքի համար»:




























