Բուլղարիայի նախկին նախագահ Ռոսեն Պլեւնելիեւը գովել է Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղի օկուպացիայի համար։
Բաքու կատարած այցի ընթացքում, որպեսզի մասնակցի Բաքվի XII Գլոբալ ֆորումին, Բուլղարիայի նախկին նախագահը հայտնել է, որ «հպարտանում է նրանով, որ ստորագրել է Ադրբեջանի եւ Բուլղարիայի միջեւ բնական գազի մատակարարման առաջին պայմանագիրը»։
Ռոսեն Պլեւնելիեւի խոսքով՝ «Լեռնային Ղարաբաղում մեծածավալ աշխատանքներն իրեն շատ են ուրախացնում»։ «Եվ սա պատահական չէ։ Չէ՞ որ 30 տարի անց ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ ՄԱԿ 4 բանաձեւերը կյանքի կոչվեցին Ադրբեջանի կողմից։ Արդյունքում՝ Ադրբեջանը վերականգնեց իր տարածքային ամբողջականությունը։ Սա կարեւոր իրադարձություն է ոչ միայն երկրի ու տարածաշրջանի, այլեւ գլոբալ մակարդակով։ Եղել եմ նաեւ Շուշիում։ Ադրբեջանը ոչ միայն արդիականացնում է Շուշին, այլեւ առաջին հերթին ապահովում է բնակիչների վերադարձն այս քաղաք։ Այս քաղաքականությունը սահմանափակվում է ոչ միայն վերադարձներով, այլ նաեւ ներառում է կարեւոր միջոցառումներ՝ վերադարձող մարդկանց աշխատատեղերով ապահովելու համար: Աշխատանքը, որի մասին ես խոսում եմ, վերաբերում է ոչ միայն Ղարաբաղին, այլեւ Ադրբեջանի ողջ տարածքին։ Ձեր երկրի վարած քաղաքականությունը ցույց է տվել, թե ինչպես պետք է մարդիկ միավորվեն անարդարությունը վերացնելուց հետո»,- ասել է Պլեւնելիեւը՝ այդ կերպ «ստորագրելով» իր սատարումն Ադրբեջանի իշխանությունների հանցավոր գործողություններին։




























