Երբ հանքերը շահագործելու մոլուցքը դառնում է անկառավարելի կամ ավելի վատ` բացառիկ գերակա շահ, այն կարող է կործանարար հետեւանքներ ունենալ ցանկացած, առավելապես Հայաստանի պես փոքր երկրի համար: Այս մասին այսօր` դեկտեմբերի 23-ին, Քաջարան գյուղում Զանգեզուրի պղնձամոլիբդենային հանքերի շահագործման հետեւանքների, Քաջարանի եւ հարակից գյուղերի ճակատագրի վերաբերյալ քննարկման ժամանակ ասաց «Քաղաքացիական ազգային նախաձեռնության» (ՔԱՆ) ներկայացուցիչ Ոսկեհատ Իսախանյանը:
Ներկայացնելով խնդրի իրավական կողմը, ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը տեղեկացրեց, որ ՀՀ կառավարությունն առանց հստակ եւ իրավական որոշակիության չափանիշներին համապատասխանող կարգի կիրառման, 2011թ. ապրիլի 28-ի որոշմամբ ՀՀ Սյունիքի մարզի Քաջարանի /181,7 հա/, Արծվանիկի /162,95 հա/, Սեւաքարի /81,13 հա/, Աճանանի /9,5 հա/, Չափնիի /16,1 հա/, Սյունիքի /51,8 հա/ համայնքների հողերը` ա/ ճանաչել է բացառիկ` գերակա հանրային շահ պետական կարիքների գոտի, բ/ կայացրել է որոշում հողերի նպատակային նշանակությունը փոխելու մասին եւ բ/ կայացրել է որոշում այդ հողերը հօգուտ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի օտարելու մասին, ինչով խախտվել են ՀՀ Սահմանադրության, մի շարք օրենքների ու միջազգային պայմանագրերի նորմերը:
ՅՈՒՆԵՍԿՕ-ի հայաստանյան «Իկոմոս» կազմակերպության անդամ Գագիկ Սուխուդյանն անդրադարձել է պոչամբարների տեղադրման արդյունքում առաջացած բնապահպանական աղետի խնդրին: Նա նշել է, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային հանքերի խնդրից բացի, առկա են բազմաթիվ այլ հանքերի, օրինակ` Թեղուտի խնդիրը, որոնք կարիք ունեն քաղաքացիական հասարակության ավելի մեծ ուշադրության: Նա նաեւ անընդունելի որակեց հանրային գերակա շահի կիրառումն ընդդեմ հանրության:
«Էկոլուր» ՀԿ նախագահ Ինգա Զարաֆյանը ներկայացրել է «Հանրային գերակա շահ» ֆիլմը, որում տեսագրված էին Սյունիքի մարզի Քաջարան եւ այլ գյուղերի բնակիչների մտահոգությունները խնդրո առարկայի կապակցությամբ, նրանց բացասական դիրքորոշումն իրենց համայնքներին պատկանող հողերի օտարման վերաբերյալ, նաեւ փաստագրված էր աշխարհի ամենահարուստ մոլիբդենային հանքի շուրջ ապրող բնակչության ծայրահեղ վատ սոցիալական վիճակը:
Հաջորդ բանախոսը` «Ժառանգություն» կուսակցության քարտուղար Կարինե Հակոբյանը, իր ելույթում ներկայացրեց երեւույթի քաղաքական կողմը. «Չկա ժողովրդի կողմից ընտրված իշխանություն, հետեւաբար չկա իշխանության կախվածությունը ժողովրդից, չի կատարվում ժողովրդին հաշվետու լինելու պարտավորությունը: Երկիրն անխնա շահագործվում է` ընդերքից սկսած մինչեւ մարդ»,- ասաց նա:
Քննարկման ավարտին ընթերցվել է հետեւյալ բովանդակությամբ մի պահանջագիր.
«Անհապաղ անվավեր ճանաչել ՀՀ կառավարության 2011թ. ապրիլի 28 N 627-Ն որոշումը` սահմանամերձ Քաջարան եւ Հայաստան-Իրան միջպետական ճանապարհի շրջակա գյուղերի` Արծվանիկի, Սեւաքարի, Աճանանի, Չափնիի, Սյունիքի հողերի օտարման վերաբերյալ: Անհապաղ դադարեցնել նշված գյուղերի բնակիչների նկատմամբ ճնշում գործադրելու փորձերը»: Պահանջագրի տակ ստորագրել են հանրային քննարկման 60 մասնակիցներ: Ստորագրահավաքը շարունակվելու է: Քննարկման մասնակիցները նաեւ որոշեցին հետագա քայլերն ու անելիքները` մասնավորապես համապետական ստորագրահավաքի նախաձեռնում` վերջին տարիներին բաց եղանակով շահագործման հանձնված հանքերի օգտագործման դեմ, բողոքի ակցիաներ կառավարության շենքի առջեւ, ստորագրահավաք Սյունիքի մարզի 6 գյուղերում, իրավական գործողություններ, այդ թվում դատական ճանապարհով կառավարության որոշումների բողոքարկում, նստացույց-ճամբար Թեղուտում եւ այլն:




























