Հայաստանի ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանն այսօր` դեկտեմբերի 23-ին, ընդունել է Հայաստանում Ուկրաինայի դեսպան Իվան Կուխտային, ում հետ քննարկել է իրավական ոլորտում հայ-ուկրաինական համագործակցությունը:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ոստիկանապետը բարձր է գնահատել կայացած հայ-ուկրաինական համագործակցությունը, մասնավորապես, հետախուզվողների հայտնաբերմանն ուղղված աշխատանքներում, միեւնույն ժամանակ նշելով, որ գործընկերությունը պետք է առավել ընդլայնվի` ընդգրկելով նոր բնագավառներ:
Իվան Կուխտան շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, գոհունակություն է հայտնել հայ եւ ուկրաինացի իրավապահների արդյունավետ փոխգործակցության կապակցությամբ:
Դեսպանը նշել է նաեւ, որ ակնկալում են հայ գործընկերների աջակցությունը մի շարք ուղղություններով, մասնավորապես, Ուկրաինայում անցկացվելիք Եվրոպայի ֆուտբոլի 2012 թ. առաջնության շրջանակներում եւ կենսաչափական տվյալներով անձնագրերի ներդրման ոլորտում:
Հանդիպման ընթացքում քննարկվել են հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր եւս:
ՀՀ-ում Ուկրաինայի դեսպանն Ամանորի կապակցությամբ իր շնորհավորանքներն է հղել Հայաստանի ոստիկաններին: Ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գապարյանը շնորհավորելով դեսպանին Սուրբ Ծննդյան տոների եւ Նոր տարվա առթիվ, խնդրել է իր բարեմաղթանքները փոխանցել դեսպանատան աշխատակազմին:




























