Պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման ղեկավարությունը Քաթարի մայրաքաղաք Դոհայում բանակցություններ է վարել Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի երկրների հարցերով ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ, Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Բոգդանովի հետ, ասվում է ՀԱՄԱՍ-ի Telegram ալիքի հաղորդման մեջ։

«Իսլամական դիմադրության ՀԱՄԱՍ շարժման պատվիրակությունը կառավարող խորհրդի ղեկավար Մուհամեդ Դարվիշի գլխավորությամբ Քաթարի մայրաքաղաք Դոհայում հանդիպել է Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի երկրների հարցերով ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ, Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Բոգդանովի հետ։

Կողմերը քննարկել են հրադադարի բանակցությունների ընթացքը, Իսրայելի կողմից համաձայնագրի շարունակական խախտումները և գործողությունները, որոնք խոչընդոտում են դրա իրականացմանը, այդ թվում՝ հումանիտար արձանագրության իրականացման ձգձգումը, վրանների և ժամանակավոր կացարանների, վառելիքի և ծանր տեխնիկայի ներկրման արգելքը հիմնական ենթակառուցվածքների վերականգնման համար»,- ասվում է հայտարարության մեջ։

Բացի այդ, կողմերը քննարկել են «իրավիճակը Արևմտյան ափին, Արևմտյան ափի քաղաքներում և փախստականների ճամբարներում Իսրայելի իրականացրած ավերածությունները», հաղորդում է РИА Новости-ն։

Հանդիպմանը մասնակցել են նաև արտասահմանում ՀԱՄԱՍ-ի ղեկավար Խալեդ Մաշալը և արտաքին հարաբերությունների բյուրոյի ղեկավար Մուսա Աբու Մարզուկը: