Ուկրաինայի արտգործնախարար Անդրեյ Սիբիգան վաղը կմասնակցի ԵՄ արտաքին հարաբերությունների խորհրդի նիստին։ Կքննարկվեն տարածաշրջանում անվտանգության ու կայունության հարցերը, հայտնում է РБК-Украина-ն՝ վկայակոչելով Ուկրաինայի արտգործնախարարի հայտարարությունը։

Այսօր՝ մարտի 16-ին, Սիբիգան շնորհակալություն է հայտնել Եվրամիության արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավար Կայա Կալասին՝ վաղը կայանալիք ԵՄ արտաքին հարաբերությունների խորհրդին մասնակցելու հրավերի համար:

«Մեր առաջնահերթությունը Եվրոպայի միասնությունն է, ուժն ու վճռականությունը։ Հիմա նեղ շահերի, մանր շանտաժի կամ «տրոյական ձիերի» ժամանակը չէ։ Սա էքզիստենցիալ պահ է Եվրոպայի համար»,- ընդգծել է նա։

Ըստ Ուկրաինայի ԱԳՆ ղեկավարի, պատմական մարտահրավերների և անվտանգության սպառնալիքների ներկա ժամանակաշրջանում Եվրոպան պետք է աշխատի միասնաբար՝ երկարաժամկետ կայունություն ապահովելու համար։

«Սա խաղաղության հարց է ոչ միայն Ուկրաինայի, այլ ողջ Եվրոպայի և յուրաքանչյուր եվրոպական ընտանիքի համար»,- նշել է նա։