Անցած մեկ օրվա ընթացքում Երեւանի ճանապարհներին մի շարք ավտովթարներ են գրանցվել:

Ոստիկանության լրատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ դեկտեմբերի 23-ին, ժամը 4-ին, «Օպել-Օմեգա» մակնիշի ավտոմեքենան Բագրատունյաց փողոցում բախվել է էլեկտրասյանը: Պատահարի հետեւանքով վարորդը եւ ուղեւորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Նույն օրը, ժամը 12-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենան Երեւանի Խնկո Ապոր փողոցում վրաերթի է ենթարկել 63-ամյա մի կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Ժամը 16.45-ին, «ՎԱԶ- 2121» մակնիշի ավտոմեքենան Սիլիկյան թաղամասում դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ շրջվել, ինչի հետեւանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Ժամը 19-ին, «ՄԱԶ-5429» մակնիշի ավտոմեքենան Սեբաստիայի փողոցում վրաերթի է ենթարկել երկու կանանց, որոնք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Ժամը 20.15-ին, «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան Մյասնիկյան պողոտայում բախվել է ճանապարհի միջնամասում գտնվող սյանը եւ դուրս եկել փողոցի երթեւեկելի մասից, ինչի հետեւանքով ուղեւորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Բոլոր դեպքերով էլ կատարվում է քննություն: