«Իշխանություններն այսօր վարում են մի քաղաքականություն, որի մեջ ամեն օր ավելի ու ավելի խորն են խրվում, իսկ հայ-թուրքական արձանագրությունները չէին ստորագրվի, եթե ընդդիմությունը ստորագրման նախօրեին փողոց հաներ եւ այնտեղ մի քանի օր պահեր ժողովրդին»,- նոյեմբերի 16-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ նկատեց ՍԴՀԿ կենտրոնական վարչության անդամ Վահան Շիրխանյանը՝ խոսելով հայ-թուրքական հարաբերությունների թեմայով։
Նշելով, որ արձանագրությունների ստորագրումից հետո իշխանությունների կողմից իրականացվող «ինքնագլուխ գործողություների արդյունքում» Հայաստանի առջեւ ծառացած մարտահրավերներն ավելի ու ավելի ակնհայտ են դառնում, Վ. Շիրխանյանը համոզմունք հայտնեց, որ դրանց հնարավոր է դիմակայել միայն լեգիտիմ իշխանությունների եւ ժողովրդի համագործակցության դեպքում։
Ասուլիսի մյուս բանախոս, «Ժառանգության» նախկին անդամ Վարդան Խաչատրյանն իր հերթին ավելացրեց, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը «ճշգրիտ շեշտադրումների կարիք ունի»: Նրա կարծիքով, ժամանակն է «բաց տեքստով հասկացնել Թուրքիային, որ հայկական կողմը եւս կարող է ձգձգել արձանագրությունների վավերացման գործընթացը՝ պատճառաբանելով քրդական հարցի լուծումը, ի պատասխան Թուրքիայի կողմից ղարաբաղյան հարցի մասով առաջ քաշվող նախապայմանների»: Նրա խոսքով, գործընթացին լրջորեն խանգարում են նաեւ Ադրբեջանի նախագահի կողմից տարածած հայտարարությունները, որ վերաբերում են ինչպես Ղարաբաղին, այնպես էլ արդեն նաեւ Զանգեզուրին։
Եզրափակելով՝ Վարդան Խաչատրյանը համոզմունք հայտնեց, թե «երկրի ներսում լարման մեծացման պարագայում ոչինչ հնարավոր չէ բացառել, այդ թվում՝ արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրությունները»:




























