Ազատության արձանը կմնա ԱՄՆ-ում. Այսպիսի հայտարարություն է արել Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը՝ երկուշաբթի օրը՝ մարտի 17-ին, պատասխանելով Եվրախորհրդարանի պատգամավոր Ռաֆայել Գլյուքսմանի՝ հուշարձանը Ֆրանսիային վերադարձնելու պահանջին։
«Միայն ԱՄՆ-ի շնորհիվ է, որ ֆրանսիացիներն այսօր գերմաներեն չեն խոսում»,- շեշտել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ներկայացուցիչը՝ հավելելով, որ ֆրանսիացիները «պետք է շատ շնորհակալ լինեն» ԱՄՆ-ին դրա համար։ Ինչպես պարզաբանում է AFP գործակալությունը, նման մեկնաբանությունով Լևիթը ցանկացել է հիշել Միացյալ Նահանգների դերը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ նացիստական օկուպացիայից Ֆրանսիայի ազատագրման գործում։ Սպիտակ տան մամուլի քարտուղարը Ռաֆայել Գլյուքսմանին անվանել է «անհասկանալի, ցածրաստիճան ֆրանսիացի քաղաքական գործիչ»:
Մարտի 16-ին Եվրախորհրդարանի պատգամավոր Գլյուքսմանը, ով ձախ կենտրոնամետ «Place publique» կուսակցության համանախագահն է, ասաց, որ ներկայիս վարչակազմը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իրենց որոշումներով ցույց են տալիս, որ ազատության արժեքներն իրենց մոտ չեն, ինչը նշանակում է, որ նրանք պետք է վերադարձնեն Ազատության արձանը Ֆրանսիային։ «Մենք ձեզ տվել ենք, բայց կարծես արհամարհում եք»,- հայտարարել է նա՝ դիմելով ամերիկացիներին։
Ուկրաինային ակտիվորեն աջակցող Գլյուքսմանն իր ելույթում դատապարտել է Վաշինգտոնին Մոսկվայի հետ մերձենալու համար։ Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը «որոշել է բռնակալների կողքին կանգնել»։
Ազատության արձանը ստեղծվել է Ֆրանսիայում՝ քանդակագործ Օգյուստ Բարտոլդիի ղեկավարությամբ։ Դա Ֆրանսիայի նվերն էր ԱՄՆ-ին՝ ի պատիվ Ամերիկյան հեղափոխական պատերազմի հարյուրամյակի, որում ֆրանսիացիներն աջակցում էին ամերիկացիներին:
46 մետր բարձրությամբ պղնձե արձանը բացվել է 1886 թվականին Նյու Յորքի Ազատության կղզում: Միլիոնավոր ներգաղթյալների համար, ովքեր ժամանակին սպասում էին ԱՄՆ մուտքին մոտակա Էլիս կղզում, այն խորհրդանշում էր ավելի լավ կյանքի հույսը, նշում է AFP-ն։





























