Մերիլենդի դաշնային դատավոր Թեոդոր Չուանգը ժամանակավորապես արգելել է ԱՄՆ կառավարության արդյունավետության բարձրացման վարչության (DOGE), որը վերահսկում է ձեռնարկատեր Իլոն Մասկը, շարունակել ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) լուծարումը: Այս մասին հայտնել է The Washington Post-ը (WP)՝ հղում կատարելով դատարանի որոշմանը, որը հայտնվել է իր տրամադրության տակ։
Պարբերականի տեղեկացմամբ՝ դատարանը պարտավորեցրել է DOGE-ին վերականգնել էլեկտրոնային փոստի եւ համակարգերի հասանելիությունը USAID հազարավոր աշխատակիցների, այդ թվում՝ վտանգավոր շրջաններում աշխատողների համար, ինչպես նաեւ արգելել է նրանց անձնական տվյալների հրապարակումն առանց գործակալության ղեկավարության թույլտվության: Դատարանը որոշել է, որ Մասկի գործողությունները խախտում են իշխանության բաժանման սկզբունքը, քանի որ միայն ԱՄՆ Կոնգրեսը կարող է վերացնել USAID-ը։ Որոշումը հետեւում է Պետական ժողովրդավարության պաշտպանների հիմնադրամի հայցին՝ գործակալության ավելի քան 20 աշխատակիցների անունից, որոնք պնդում են, որ Մասկն անօրինական կերպով ստանձնել է լիազորություններ, որոնք պահանջում են Սենատի հաստատումը:
WP-ի տվյալներով՝ փետրվարին USAID 4 765 աշխատակիցների մոտ 90 տոկոսը ուղարկվել էր վարչական արձակուրդի, իսկ Ռոնալդ Ռեյգանի շենքում գտնվող կենտրոնակայանը փակվել էր: Դատավորը պահանջել է շենքը վերադարձնել գործակալությանը, եթե հայցվորները հաղթեն։ Սպիտակ տունը Չուանգին անվանել է «վտարյալ դատավոր» եւ խոստացել բողոքարկել որոշումը, գրել է թերթը։





























