Fitch Ratings միջազգային վարկանիշային գործակալությունը բարձրացրել է առաջիկա տարիներին պղնձի եւ ալյումինի համաշխարհային գների կանխատեսումները՝ շուկաներում անհավասարակշռության, իսկ ոսկու գներինը՝ աշխարհաքաղաքական լարվածության պատճառով։ Այս մասին նշվել է գործակալության հաշվետվությունում։

Մասնավորապես, 2025թ. ոսկու գինը կանխատեսվում է 2,4 հազար դոլար տրոյական ունցիայի դիմաց (նախկինում՝ 2,1 հազար դոլար), 2026թ.՝ 2,1 հազար տրոյական ունցիայի դիմաց (նախկինում՝ 1,7 հազար տրոյական ունցիայի դիմաց), 2027թ.՝ 2 հազար տրոյական ունցիայի դիմաց (նախկինում՝ 2,7 հազար ունցիայի դիմաց)։ «Առեւտրային պատերազմի մտահոգությունները եւ բաժնետոմսերի եւ պարտատոմսերի շուկաների անկայունությունը մեծացրել են ներդրումների ներհոսքը ոսկու մեջ՝ ապահովելով ռեկորդային գներ: Աշխարհաքաղաքական ռիսկերը եւ ներդրողների աճող մտահոգությունները գնաճի եւ սուվերեն պարտքի վերաբերյալ պետք է աջակցեն գներին կարճ եւ միջնաժամկետ հեռանկարում»,- նշվել է հաշվետվությունում:

Fitch-ը բարձրացրել է նաեւ պղնձի սփոթային գների կանխատեսումը. 2025թ. դրանք կանխատեսվում են 8,8 հազար դոլարի սահմանում մեկ տոննայի դիմաց (նախկինում՝ 8,5 հազար դոլար): 2026թ. պղնձի գնի կանխատեսումն աճել է մինչեւ 8 հազար դոլար մեկ տոննայի համար (նախկինում՝ 7,5 հազար դոլար 2027թ., գործակալությունը ակնկալում է նաեւ, որ պղնձի գինը կլինի 8 հազար դոլար մեկ տոննայի համար)։ Fitch վերլուծաբանները նշել են, որ պղնձի գների կանխատեսումների արդիականացումը արտացոլում է կարճ եւ միջնաժամկետ հեռանկարում համաշխարհային շուկայում առկա խիստ հավասարակշռությունը՝ պայմանավորված Չինաստանի աճող պահանջարկով, չնայած դրանց աճի տեմպերի դանդաղմանը մինչեւ տարեկան 2-3 տոկոս:

Գործակալությունը նաեւ բարձրացրել է ալյումինի գնի կանխատեսումը մինչեւ 2,5 հազար դոլար մեկ տոննայի համար 2025 եւ 2026թթ., ինչպես նաեւ պահպանել է մետաղի գնի կանխատեսումը 2027թ.՝ 2,3 հազար դոլար մեկ տոննայի համար։ 2025-2025թթ. համար ալյումինի կանխատեսվող գների աճին նպաստում է մետաղի պահանջարկի աճը, հատկապես զարգացող շուկաներում եւ Չինաստանում, ինչպես նաեւ մատակարարման սահմանափակման եւ ալյումինի թանկացման ծախսերի պատճառով, նշել է Fitch-ը: