Հայաստանի վարչական դատարանը՝ դատավոր Գագիկ Խանդանյանի նախագահությամբ, նոյեմբերի 16-ին հրապարակել է «Չորրորդ իշխանություն» թերթի դեմ վճիռը, որով որոշել է, թե թերթը պարտք է «Գինդ» տպարանին:
ՉԻ-ի փոխխմբագիր Արմեն Բաղդասարյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, թե դատավորն այդպես էլ որեւէ հիմնավորում չներկայացրեց՝ իր ապօրինի վճիռը կարդալիս: «Սա գնահատում ենք որպես քաղաքական պատվեր: Անպայման վճիռը բողոքարկելու ենք մյուս դատական ատյաններում»,- նշեց Բաղդասարյանը: Վերջինս նաեւ հայտնեց, որ դատարանը անփոփոխ է թողել թերթի տպագրման վրա դրված արգելքը:
Հիշեցնենք, որ «Գինդ» տպարանը հայց էր ներկայացրել «ՉԻ»-ի դեմ՝ իբր թերթը 2 մլն դրամ պարտք է տպարանին, մինչդեռ ընդդիմադիր թերթի հավաստամամբ՝ իրենք փաստաթղթեր ունեն, որ մի բան էլ ավելի են վճարել տպարանին:
Ներկայումս «Չորրորդ իշխանություն» թերթը տպվում է «Չորրորդ ինքնիշխանություն» անվամբ:
Ի դեպ, այսօր, նախքան վճռի հրապարակումը, Ազգային ժողովում վերցրել են ՉԻ-ի թղթակիցների հավատարմագրերը: «Դա եւս մեկ անգամ ցույց է տալիս որ թիրախը թերթն է, իսկ նպատակը տպագրության արգելումը: Իշխանության բոլոր կառույցներն էլ աշխատում են այդ ուղղությամբ»,- կատարվածը մեկնաբանեց Արմեն Բաղդասարյանը:




























