Հայ գերիների ազատ արձակման հարցը պետք է լինի հստակ նախապայման՝ ուղղված Ադրբեջանին եւ միջազգային հանրությանը։ Այս մասին մարտի 20-ին կառավարության շենքի դիմաց բողոքի ցույցի ժամանակ հայտնել է «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը։

«Հայաստանի իշխանությունները պետք է միջազգային հանրությունից պահանջեն պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի իշխանությունների, մասնավորապես՝ հայերի առեւանգման եւ նրանց դեմ կեղծ դատավարություններում ներգրավվածների դեմ»,- նշել է նա։ Նրա խոսքով՝ միայն նման մոտեցումը կստիպի Բաքվին գնալ զիջումների։

«Երբ մենք դիմում ենք միջազգային հանրությանը, մենք դիմում ենք նաեւ Ռուսաստանին եւ այլ երկրներին, քանի որ նրանց ազատագրումը ոչ միայն խնդիր է Հայաստանի համար, այլ նաեւ միջազգային պարտավորություն է։

Միաժամանակ, Ռուսաստանը նույնպես կրում է իր պատասխանատվությունը Արցախում տեղի ունեցածի համար։ Դա կապված է այն բանի հետ, որ ներկայում Ադրբեջանում գտնվող 23 գերի հայերի մեծ մասն առեւանգվել է 2023թ. Լաչինի միջանցքով անցնելիս, ինչի համար անվտանգության ապահովման պատասխանատվությունը ստանձնել են ռուս խաղաղապահները։ Այս առումով Ռուսաստանը՝ որպես 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրող կողմ, չի կատարել իր պարտավորությունները»,- ընդգծել է քաղաքական գործիչը։