Իտալական Il Foglio թերթը թողարկել է փորձնական համար, որտեղ բոլոր նյութերը, ներառյալ հոդվածները, վերնագրերը եւ հեգնական արտահայտությունները, գրված են նեյրոցանցի միջոցով: Այս համարը, որը կոչվում է Il Foglio AI, աշխարհում առաջինն է, որը ստեղծվել է ամբողջությամբ ԱԲ-ի միջոցով: Այս մասին հայտնել է The Guardian պարբերականը։
Թերթի գլխավոր խմբագիր Կլաուդիո Չերազան բացատրել է, որ փորձի նպատակն է ցույց տալ արհեստական բանականության տեխնոլոգիաների ազդեցությունը ժամանակակից լրագրության վրա։ Ըստ Չերազայի՝ նախագծի շրջանակում լրագրողները միայն հարցեր են տվել ԱԲ եւ ստուգել պատասխանները, մինչդեռ այդ ընթացքում նեյրոցանցը հոդվածներ է ստեղծել առանց ակնհայտ քերականական սխալների:
Չորս էջանոց համարը հասանելի է տպագիր եւ առցանց տարբերակով: Դրանում բացակայում են ավանդական լրագրությանը բնորոշ անձնական կարծիքները, խոր վերլուծությունը կամ կենդանի հարցազրույցները: Նյութերը պարզ ու հասկանալի հոդվածներ են, որոնք չեն պարունակում ուղղակի մեջբերումներ մարդկանցից։
Հատուկ համարում կարելի է գտնել հոդված «Իտալական թրամփիստների պարադոքսի», ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եւ նրա չկատարած քաղաքական խոստումների մասին հոդվածներ, ինչպես նաեւ հոդված Իտալիայի տնտեսության բարեփոխումների, եկամտահարկի փոփոխության եւ 750 հազար աշխատողների աշխատավարձերի բարձրացման մասին։





























