Իրաքի փոխնախագահ Թարիք ալ-Հաշեմին հայտարարել է, որ մտադիր չէ Բաղդադի դատարանի առջեւ պատասխան տալ: Տվյալ պահին նա գտնվում է իրաքյան Քրդստանում: Հիշեցնենք, դեկտեմբերի 19-ին Իրաքի իշխանությունները նրան ձերբակալելու հրաման էին արձակել եւ արգելել լքել երկրի տարածքը:
Agence France-Presse-ին տված հարցազրույցում Թարիք ալ-Հաշեմին ասել է, որ չի պատրաստվում վերադառնալ Բաղդադ, որտեղ իրեն ցանկանում են դատել: Իր որոշումը փոխնախագահը հիմնավորել է երկրի մայրաքաղաքում «դատական համակարգի քաղաքականացվածությամբ», ինչպես նաեւ Բաղդադում իր համար անվտանգության պատշաճ մակարդակ ապահովելու անհնարինությամբ: Միեւնույն ժամանակ, նա հայտնել է, որ կհամաձայնի դատարանի առջեւ կանգնել, եթե այն ընթանա Քրդստանի տարածքում:
Իրաքի փոխնախագահը նաեւ նշել է, որ առայժմ չի պատրաստվում լքել երկիրը, սակայն չի բացառել դրա հավանականությունը` իր կյանքին սպառնացող վտանգի դեպքում:
Թարիք ալ-Հաշեմին մեղադրվում է հակաահաբեկչական օրենսդրության խախտման մեջ: Դեկտեմբերի 18-ին հայտնի էր դարձել փոխնախագահի երկու թիկնապահների ձերբակալման մասին, որոնց մեղադրել են ահաբեկչության նախապատրաստման մեջ: Թարիք ալ-Հաշեմին, իրավապահ մարմինների վարկածով, ապահովել է նրանց ֆինանսավորումը եւ աջակցությունը:
Բաղդադում դեկտեմբերի 22-ին տեղի ունեցած մի քանի պայթյուններից հետո, որոնց հետեւանքով 72 մարդ զոհվեց, 217-ը` վիրավորվեց, Իրաքի գործող վարչապետ, շիա Նուրի ալ-Մալիկին եւ սունի Թարիք ալ-Հաշեմին ահաբեկչությունը կազմակերպելու փոխադարձ մեղադրանքներ են հնչեցրել միմյանց նկատմամբ:




























