Ալլա Պուգաչովայի դուստր Քրիստինա Օրբակայտեն ցանցում տեղադրել է ռուսական էստրադայի պրիմադոննայի եւ հումորիստ Մաքսիմ Գալկինի հարսանիքի լուսանկարները:

Հիշեցնենք, Մոսկվայում կայացել է տարվա ամենանշանակալի աստղային իրադրձությունը, որը լրատվամիջոցներն անվանել են  «դարի հարսանիք». վերջապես ամուսնացել են Ալլա Պուգաչովան եւ Մաքսիմ Գալկինը:  Հիշեցնենք, Ալլան եւ Մաքսիմը դեռեւս դեկտեմբերի 23-ին գաղտնի գրանցել էին իրենց ամուսնությունը: Հարսանիքից հետո զույգը մտադիր է հարսանեկան ճամփորդության մեկնել:

Գողտրիկ ռեստորանում պրիմադոննան հավաքել էր միայն ամենամտերիմ ընկերներին: Պապարացիներին լավ ծառայություն է մատուցել նրա աղջիկը` Քրիստինա Օրբակայտեն, որը Twitter սոցցանցի իր էջում տեղադրել է փակ խնջույքի մի քանի լուսանկարներ, այդ թվում` նորապսակների հարսանեկան համբույրը:

«Երիտասարդները» որոշել էին հարսանիքը շատ շքեղ չկազմակերպել, արարողությանը հրավիրված է եղել ընդամենը 40 մարդ` միայն զույգի  ամենամտերիմ ընկերներն ու բարեկամները:  Հյուրերի հետ ուրախանում էր նաեւ պրիմադոննայի նախկին ամուսին Ֆիլիպ Կիրկորովը, որը, դատելով դեմքի գոհունակ արտահայտությունից, ուրախ էր Ալլա Բորիսովնայի եւ Մաքսիմ Գալկինի երջանկության համար:

Հայտնի է, որ հարսանիքից հետո Ալլա Պուգաչովան եւ Մաքսիմ Գալկինը թողել են իրենց ազգանունները: Սա 35-ամյա Մաքսիմի առաջին ամուսնությունն է, իսկ 62-ամյա Ալլա Պուգաչովան արդեն հինգերորդ անգամ է ամուսնանում: Ռուսական էստրադայի թագուհու ամուսիններից են եղել ծաղրածու Միկոլաս Օրբակասը, Ռեժիսոր Ալեքսանդր Ստեֆանովիչը, երգահան Եվգենի Բոլդինը եւ երգիչ Ֆիլիպ Կիրկորովը, հիշեցնում է TOP NEWS-ը: